Կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությանը

Հունվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում քննարկվել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում

ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը՝ Կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին։

Նշվում է, որ ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածը և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

Նախագծում նման փոփոխությունն արդարացվում են նրանով, որ «վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երևույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»։

Նշվում է, որ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատվել է կարգ։

«Այն տարածվում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ /անձնական նախաձեռնությամբ/ ընդունված ՀՀ այն քաղաքացիների վրա, ում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տրվում է տարկետում` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով»,- նշված է նախագծում։

Այսինքն՝ եթե երիտասարդը չվերադառնա հայրենիք, ապա պարտավորվում է նման չափի տուգանք վճարել։ Ըստ նախագծի՝ սա երաշխիք է, որ երիտասարդները կվերադառնան Հայաստան, կկատարեն հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքները կներդնեն Հայաստանում:

Հավելենք, որ նախագիծը ներկայացրել է Արմեն Աշոտյանը, բայց կազմվել է պաշտպանության նախարարության հետ համատեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *