Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Մարտակերտի ուղղության առաջնագծում «հայկական գնդակից» սպանված ադրբեջանցի կապիտանին։ ՊԲ-ի փոխանցմամբ՝ կատարվածը ոչ թե «հայ դիպուկահարի», այլ հունվարի 19-ին ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանք է։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը և միայն պատասխան քայլերի են դիմում խիստ անհրաժեշտության դեպքում։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք»։
ՊԲ-ն չի բացառում, որ հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հունվարի 19-ի դիվերսիայի ժամանակ սպանվածներին և վիրավորներին ներկայացնել միայն այժմ՝ իբր որպես տարբեր պատճառներից տուժած։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Հակառակորդին դիմագրավելիս զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիներն ունեն վիրավորներ, նվազագույնը՝ 2 զոհ։ Հունվարի 19-ից ի վեր ադրբեջանական կողմը միջոցներ է փնտրում զոհերի մասին հայտնելու, քանի որ տևական ժամանակ կոծկել հնարավոր չէ։