Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները 2014-ին առաջին անգամ հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Հերթական անգամ ընտանեկան բնույթի նամակների փոխանակում է իրականացվել։
Հունվարին կայանալիք հանդիպման մասին հայտնի էր դեռևս 2013-ի դեկտեմբերի սկզբին։
Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է լուրը՝ հավելելով, որ Ինջիղուլյանի ընտանիքին նամակը կհանձնեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։
[թարմացում] Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է, որ արդեն ստացել է Հակոբի նամակը։ Հարազատները նախորդ նամակով շնորհավորել էին Հակոբին հունվարի 28-ին ծննդյան առթիվ, պատասխան նամակում էլ Ինջիղուլյանը շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ շատ է կարոտում իր ընտանիքի անդամներին։