Պակիստանում ավիահարվածներից սպանվել են Գերմանիայի և Ուզբեկստանի քաղաքացիներ

Պակիստանի ռազմաօդային ուժերը հունվարի 22-ին մի քանի օդային հարվածներ են հասցրել երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայված «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների պատսպարաններին. զոհվել են նաև Գերմանիայի և Ուզբեկստանի քաղաքացիներ։

Պակիստանի Ռավալպինդի քաղաք. լուսանկար՝ ահաբեկչության վայրից. աղբյուր՝ dawn.com

Պակիստանի Ռավալպինդի քաղաք. լուսանկար՝ ահաբեկչության վայրից. աղբյուր՝ dawn.com

Ինչպես հաղորդում է Channel News Asia  լրատվակայքը, հղում անելով AFP լրատվական գործակալությանը, նախնական տվյալներով ընդհանուր առմամբ սպանվել է 40 հոգի, որոնցից 33-ը Ուզբեկստանի, առնվազն 3-ն էլ Գերմանիայի քաղաքացիներ էին։

Հայտնի է նաև, որ ավիահարվածների են ենթարկվել «Ուզբեկստանի իսլամական շարժում» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կայանները։

Նշենք, որ «Ուզբեկստանի իսլամական շարժում»-ը հիմնվել է 1996-ին Ուզբեկստանում այդ ժամանակ արգելված ծայրահեղական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների ջանքերով։ Ներկայումս ակտիվորեն համագործակցում է «ալ Կաիդայի» և «Թալիբանի» հետ։ Իրականացրած գործողությունների շարքում են խոշոր ահաբեկչությունները 2002-ին Բիշքեքում, 2003-ին՝ Օշում։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Գերմանիայի և Ուզբեկստանի պատկան մարմինները որևէ կերպ չեն արձագանքել։

Պակիստանի ՌՕՈւ պաշտոնական տվյալներով՝ մի քանի օր տևած հատուկ գործողությունների արդյունքում իրենք ոչնչացրել են «Թալիբանի» պակիստանյան ճյուղի առաջնորդներից մեկին՝ Վալի Մուհամեդին, որը մի շարք խոշոր ահաբեկչությունների կազմակերպիչ էր։

Նկատենք, որ Պակիստանի ԶՈւ-ն իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների դեմ մշակված գործողություններ է ձեռնարկել, երբ ավելի վաղ այդ խմբավորումների զինյալները ռազմական նշանակության օբյեկտների մոտ ահաբեկչություն են իրականացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *