Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին հետաքննության վարչությունը ՊՆ-ի տեխնիկական պարկի ստուգումներ կատարելիս կաշառակերության ու խարդախության դեպքեր է արձանագրել ՊՆ բարձրագույն ռազմական ուսումնարանում։
Ուշագրավ է, որ համանման դեպքերն ադրբեջանական մամուլում լայնորեն տարածվում են և հրապարակվում հետաքննության ավարտի ժամանակ, այն էլ՝ ՊՆ-ի «կատարած հետևողական աշխատանքի» համատեքստում. հրապարակվող խարդախության միջադեպերն իրականացվել են հիմնականում պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք։
Ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնն ադրբեջանական musavat.com կայքին փոխանցել է, որ Սաֆար Աբիևի պաշտոնավարման ժամանակ ռազմական ուսումնարանի ղեկավարությանը հանձնարարվել էր շահագործումից դուրս բերել հնացած ավտոբուսները, փոխարենը հատկացված գումարով գնել նոր փոխադրամիջոցներ։
Սակայն «Դոկտրինան» պարզել է, որ գնել են ոչ թե նոր արտադրված ավտոբուսներ, ինչպես սահմանվել էր, այլ ԱՊՀ տարբեր երկրներում կիրառումից դուրս բերվածները, որոնք սարքին չեն ու ներկա դրությամբ չեն կիրառվում։