Բանակին ոչ միայն հանգիստ չեն թողնում, այլ նաև խանգարում են. կուրսանտ Քեշիշյան

Միշտ պետք է հիշել, որ թշնամին մեզ լսում է, մեր յուրաքանչյուր հաղորդում, հրապարակում Ադրբեջանի ուշադրության կենտրոնում է: Սրանք կուրսանտ, մասնագիտությամբ կապավոր Վահագն Քեշիշյանի խոսքերն են: Հայկական զինված ուժերի կազմավորման 22-ամյակին ընդառաջ Ռազմինֆոն զրուցում է 22-ամյա ապագա սպաների հետ:

Կապավոր Վահագն Քեշիշյանը

Կապավոր Վահագն Քեշիշյանը

Այսօրվա մեր զրուցակիցը սովորում է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Վահագնը ինստիտուտում սովորելու է 1 տարի, քանի որ արդեն ավարտել է մեկ բուհ: Ուսումնական տարվանից հետո 3 տարի նախատեսված պայմանագրով ծառայելու է զինված ուժերում:

Դուք ռազմական բուհ եք ընդունվել արդեն առաջին մասնագիտություն ստացած: Ինչո՞ւ որոշեցիք շարունակել ուսումն ավիացիոն ինստիտուտում:

Մասնագիտությամբ տնտեսագետ-վիճակագիր եմ, բայց ընթացքում զգացի, որ դա իմը չէ: Ես նախընտրում եմ ավելի ակտիվ գործեր, օրվա տարբեր ժամերի տարբեր տեղերում լինել։ Սկսեցի զբաղվել PR-ով, քանի որ այն ենթադրում է ավելի շատ հանդիպումներ, հետո PR-ը շեղվեց դեպի մարքեթինգի: Հետո էլ սկսեցի զբաղվել միջոցառումների կազմակերպմամբ, որից հետո գրաֆիկ դիզայնով, որովհետև դա խառն օրվանից հետո ավելի շատ հանգստություն էր տալիս։ Ստացա ռադիոյում աշխատելու հրավեր, իսկ հետո որոշեցի ժամանակս իզուր չվատնել ու դրա հետ էլ  նոր մասնագիտություն սովորել ու զինվորական կոչում ստանալ։ Ավելի շատ իմ ինքնակենսագրականում կոչումս նշելու համար էր։

Բայց երեք տարի ծառայելու եք չէ՞։

Այո, երեք տարի պիտի ծառայեմ, բայց հետո, հավանաբար, կանցնեմ իմ գործին։ Ես չեմ ուզում պաշտոն կամ պետական գործ, ուղղակի ուզում եմ զինվորական կոչում ունենալ։

Այսինքն Ձեզ բանակում չե՞ք պատկերացնում։

Չէ, քանի որ այն ազատությունը, որ ես եմ ուզում, այս համակարգը չի տալիս։ Այստեղ, եթե ուզենաս ճամփորդել, հնարավորություն չունես։ Դրսում կարող ես միաժամանակ մի քանի գործով զբաղվել։ Բայց կյանքում ինչ-որ շրջան պետք է հատկացնել այս համակարգին, որովհետև շատ բաներ է տալիս, որոնք կյանքում անպայման կիրառում ես։ Կոնկրետ կապավորի մասնագիտությունը ինձ շատ է օգնում։ Օրինակ, որ տուն եմ գնում ու հեռուստացույցը միացրած է կամ հեռախոսով են խոսում, ես միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես է աշխատում։ Մարքեթինգում ինչքան շատ գիտելիքներ ունես, այնքան ավելի հեշտ է այդ գործը։ Սա հավելում էր ընդհանուր զարգացվածությանը։

Սա Ձեզ պետք էր միայն ընդհանուր զարգացվածությա՞ն համար։

Սկզբից որ եկել էի, այդքան գիտելիքների վրա ուշադրություն չէի դարձնում, ինչքան որ այս համակարգի հետ կապ ունենալու։ Իսկապես սա ինձ դուր է գալիս, կոփվածություն կա։ 18 տարի հեծանիվ եմ քշել ու որոշ ժամանակ թողեցի, իմունիտետս միանգամից ընկավ։ Հետո այստեղ առավոտյան վազում ենք, սպորտով ենք զբաղվում, սառը ջրով ենք լվացվում, ինչն էլ ստիպում է  իմունիտետը լավացնել։ Արդեն ոչ հիվանդանում ես, ոչ էլ իմունիտետի հետ ես խնդիր ունենում (ժպտում է):

Օրն այստեղ այնպես է դասավորած, որ ոչ մի րոպե չես կորցնում։ Միջոցառումների կազմակերպման համար սա շատ կարևոր է։ Բացի այդ, իմ ծառայությունը հետաքրքիր է ստացվել, քանի որ մեզ հետ աղջիկներ էլ են ծառայում։ Որ դրսում պատմում եմ «մեր վաշտի այն աղջիկը», բոլորի մոտ զարմանք է առաջացնում։

Համազգեստից հետո ի՞նչոր բան Ձեր մեջ փոխվեց։

Այստեղ դա չենք զգում, քանի որ սովորական է, իսկ ահա դրսում տարբերվում ես բոլորից ու բոլորի ուշադրությունը քեզ վրա է։ Դա պարտավորեցնում է, ինչ էլ լինի դու այդ համակարգի մի մասն ես` թեկուզ ժամանակավոր, ու պարտավոր ես այդ համակարգի անունը բարձր պահել։ Առաջին օրն անսովոր էր, մինչև գալս մտածում էի, թե ինչպես կարելի է նույն շորը անընդհատ հագնել, մի քանի անգամ լվանալ։ Բայց մի քանի օրից սովորական դարձավ, քանի որ դրան այլևս ուշադրություն չէինք դարձնում։

Չնայած ավելի քան պարտավորեցնող կլինի տոնական համազգեստը, որն արդեն հագնում են սպաները։ 6 ամսից մեզ էլ կտան: Այդ ժամանակ մենք արդեն կաշխատենք, սպայական ուսադիրներ կունենանք, որի համար պետք է պատասխան տանք։ Զինվորական համակարգը կազմված է մասնիկներից, և այդ մասնիկները իրենց աշխատանքը պետք է կատարեն, որ համակարգն աշխատի։

Սպային հատուկ հատկանիշներ ունե՞ք։

Կասեի՝ոչ։ Ինքս տարբեր խմբեր միշտ ղեկավարել եմ, բայց չունեմ այդ կոպտությունն ու խստությունը։

Իսկ դրանք սպան անպայման պե՞տք է ունենա

Մեր պայմաններում՝ այո։ Ես մինչ բանակ գալս մտածում էի, որ ամերիկյան ֆիլմերի նման է լինելու՝ օր ու գիշեր մարզվում են ու ուժեղ տղա են դառնում։ Բայց չէ, այդպես չի։

Այսինքն իզո՞ւր են այս ամիսները։

Շատերն ասում են, որ երկու տարի է խլում, բայց չէ, ինչ-որ բան անողն էլի անում է։ Մեր վաշտում, օրինակ բոլորն էլ բարձրագույնավարտ են, բայց ստանդարտ ուսանողի կյանք է եղել։ Կարելի է այդ ընթացքում շատ ավելի բան հասցնել անել։ Իսկ այս շրջանը բոլորին էլ պետք է:

Ի՞նչ բարդությունների հանդիպեցիք ծառայության ընթացքում:

Իմ կյանքի ամենամեծ բարդությունն ուտելիքն էր։ Հենց դրա համար ես մանկապարտեզ չեմ գնացել, քանի որ այնտեղ պետք է ուտեի այն, ինչ տալիս էին։ Վերջին շրջանում էլ տանը քիչ էի ուտում, դրսում էի սնվում։ Ես սովոր եմ վճարել թանկ ու նորմալ բան ուտել։ Մարդ մի կյանք է ապրում ու անկախ վնասակարությունից, եթե դուր է գալիս, պետք է ուտի։
Այստեղ ուտում եմ փլավները, միս, ձուկ, թեյն եմ խմում։

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ բուն ծառայության ընթացքում։

Դա ամենադժվար հարցն է։ Ռեալ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինի։ Շատ բան կա, որ պլանավորել եմ, իսկ շատ բաներ աշխատում եմ նույնիսկ չպլանավորել։ Ես չգիտեմ, թե ովքեր են լինելու իմ ենթակաները, լրիվ անորոշ վիճակ է։

Համամի՞տ եք «սպան զինվորի ավագ ընկերն է» արտահայտության հետ։

Ես համաձայն եմ դրա հետ ու այդպես էլ պիտի աշխատեմ։ Ես այդքան խումբ եմ ղեկավարել ու չեմ փորձել ցույց տալ, որ ես իրենցից բարձր եմ կամ էլ շատ գիտեմ։ Արել եմ ընկերական հիմքերով։ Ամեն ինչը փոխըմբռնման միջավայրում պետք է լինի, որովհետև դա է արդյունք տալիս։ Եթե զինվորին հրամայում ես ինչ-որ բան անել, ինքը նեղված է անում, իսկ եթե զգում է, որ ավագ ընկերն է ասում, շատ ավելի հավեսով է անում։

Ֆիզիկական պատրաստությունն ի՞նչ հիմքերի վրա պետք է լինի։

Մինչև այստեղ գալս գիտեի, թե սպորտը միայն մկանները զարգացնելու համար են։ Բայց երբ ֆիզիկական պատրաստության դասախոսությունները գրում ենք, հասկանում ենք, որ այն նաև կամային հատկանիշներ է տալիս, նպատակամղվածություն: Դրա օրինակ է վազքը, երբ մի քանի շրջան է մնացել 3 կամ 5 կմ-ի հաղթահարման համար։

Կուրսանտ Վահագն Քեշիշյանը

Կուրսանտ Վահագն Քեշիշյանը

Դուք և մեր զինված ուժերը 22 տարեկան եք։ Երբևէ՞ մտածել էիք, որ իրար հավասար ճանապարհ եք անցնում։

Բանակի կյանքն ավելի բարդ է եղել, քանի որ բանակի կյանքը բարդացրել են։ Հատուկ գունդը ստեղծած էր այնպիսի մարդկանցից, ովքեր պայքարում էին հայրենիքի ազատագրման համար։ Այդպիսի կորիզ ունենալով՝ մեր այսօրվա բանակում բոլորը չէ, որ գիտակցում են, թե ինչու են գնում ծառայության։

Միևնույն ժամանակ ես մտածում եմ, որ ես գնալու եմ դիրքեր պահեմ, իսկ ուրիշը իմ երկիրն ավերում է ներսից` փոխաբերական իմաստով, բարոյալքություն է առաջացնում։ Միջավայրն ազդում է քեզ վրա, դա բնական է։ Երբ իմ կյանքը  համեմատում եմ բանակի կյանքի հետ, հասկանում եմ, որ իմ կյանքն ավելի լավ է դասավորվել նրանով, որ այս 22 տարիների ընթացքում արտաքին գործոնները քիչ են ազդել ինձ վրա։ Իհարկե, այս ամեն ինչը իմ ծնողների աշխատանքի շնորհիվ։
Իսկ բանակին ասել են. «վերցրու պետբյուջեից քո հասանելիք գումարն ու գնա քո գործն արա, զարգացի»։ Այդքանից բացի, ոչ միայն հանգիստ չեն թողնում բանակին, այլ նաև խանգարում են։ Նախարարի այս տարվա ուղերձն էլ հենց դրան է վերաբերում՝ ոչ փողոցային բարքերին։ Մի կողմից սա ներսից է կրծում բանակը, ժողովրդի վերաբերմունքն էլ մյուս կողմից։

Իսկ ի՞նչ է պետք անել, որ ժողովրդի վերաբերմունքը լավանա։

Անհնար է։

Իսկ հնարավո՞ր չէ մասմաս անել։

Անում են էլի ինչ-որ խմբեր: Տարածում են, որ մենք ծառայում ենք հաղթանակած բանակում։ Բայց բանակը պետք է ոչ թե ինչ-որ մեկին գցելով բարձրանա, այլ ինքն իրենով։ Բանակը փորձում է ամեն դեպքում։ Փորձում են բարելավել նրա բարոյական վիճակը։

Կփորձե՞ք սահմանել հայրենիքն արդեն հասուն մարդու տեսանկյունից:

Հայրենիքն ինձ համար վերացական բան է։ Ես պատահականությամբ եմ հայ ծնվել, կարող էի ծնվել ուրիշ տեղ ու այլ ընտանիքում։ Հայրենասիրությունը չի նշանակում մնալ նույն կետում։ Աշխարհում այնպես է դասավորվել, որ սոցիալական վիճակը մարդկանց համար ավելի առաջնային է դարձել, քան հոգևորը։ Հենց դրա պատճառով էլ արտագաղթ է։ Հայրենիքն այնքանով է հայրենիք, քանի դեռ մարդկանց հիշողության մեջ է։ Երկրի ֆիզիկական տարածքը կաղապար է, որ պահում է հայրենիքի գաղափարը:

Կապավոր եք, ի՞նչ է կապը ու ի՞նչ դեր ունի կապավորը բանակում։

Ասում են` կապը բանակի գլխավոր մասերից մեկն է, քանի որ առանց կապի հնարավոր չէ ղեկավարել զորքը թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմական վիճակում։ Մենք հիմա սովորում ենք մի քանի տեսակի կապ, որ ցանկացած իրավիճակում հնարավորություն ունենանք կապ հաստատել հրամանատարների և զորքի միջև։ Ղեկավորումն օգնում է հաղթել, հաջող ճակատամարտեր շահել։ Պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Պետք է միշտ հիշել, որ թշնամին մեզ լսում է։ Ադրբեջանում կան հատուկ խմբեր, որոնք միշտ հետևում են մեր ցանկացած հաղորդմանը:

Ի՞նչ կմաղթեք Ձեր տարիքի բանակին։

Համբերություն։ Ինչպես ասում են «վռազողը տղա չի ունենում»։ Հնարավորինս ժողովրդի մեջ փորձեն փոխել պատկերացումները բանակի մասին։ Միայն սահմաններ պահելով չի սահմանափակվում բանակը։ Շատ բան է տալիս բանակը, բացի այդ, տարբեր պատկերացումներով ու ընտանիքների մարդիկ են գալիս ու հետո շատ ընկերներ ես ունենում։ Բանակում սովորածը հետագայում ինքն իրենն ասում է։ Նույնը դպրոցի օրինակում է։ Երբ երեխաները դպրոց են գնում, ասում են` դե ինչ է տալիս որ։ Բայց եթե ուզում են բուհ ընդունվել, դպրոցի գիտելիքներն անհրաժեշտ են։ Բանակում ծառայելուց հետո ես հասկանում, որ բանակը պետք էր։ Պետք է հնարավորինս սովորել։ Այստեղ ավելի լուրջ է, հիմնավոր է, ամեն ինչ ունի իր պատճառները։ Բացի այդ, այստեղ սովորում ես ենթարկվել օրենքներին։ Դա Հայաստանում կարևոր խնդիր է։

Զրուցեց` Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները` Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *