Սումգայիթում ձերբակալել են Սիրիայից վերադարձած ադրբեջանցի զինյալի

Հունվարի 17-ին հայտնի է դարձել, որ Սումգայիթի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում ձերբակալվել է Սիրիայից վերադարձած ծայրահեղ իսլամիստ, զինյալ, 1988-ին ծնված ոմն Ռասիմ Բադալովը։ Սա թերևս առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը հաղորդում է Սիրիայից վերադարձած իր զինյալի մասին։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ոստիկանության հաղորդմամբ՝ Բադալովի տան խուզարկման արդյունքում հայտնաբերվել են Կալաշնիկով հրացան, ձեռքի նռնակ, զինամթերք և ծայրահեղ իսլամիստական բովանդակության գրականություն։ Ձերբակալվածը վկայել է, որ զինամթերքը գնել է Ադրբեջանում։

Ադրբեջանական vesti.az լրատվակայքին հետևելով՝ զինյալը Սիրիա է մեկնել Թուրքիայի Հաթայ շրջանով, այնտեղ կռվել է Բաշար Ասադի կողմնակիցների դեմ։ Կայքը չի հաղորդում, թե նա որ խմբավորման շարքերում է եղել։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ զինյալը Սիրիայից վերադարձել է շուրջ վեց ամիս առաջ, իսկ ձերբակալությունն արձանագրվել է 2013-ի դեկտեմբերի 11-ին, բացի այդ, նրան ձերբակալել են միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով։ Ստացվում է՝ այս ամենի մասին ադրբեջանական մամուլը հաղորդում է միայն հիմա, երբ ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս պարբերաբար լուրեր են տարածվում Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։

Հավելենք, որ 2014-ին այս պահի դրությամբ Ադրբեջանը հայտարարել է Սիրիայում սպանված առնվազն 10 զինյալի մասին։ Համացանցում Սիրիայի զինյալների տարբեր խմբավորումների՝ վերջին շրջանում տարածված տեսանյութերում, ադրբեջանական մամուլի վկայությամբ, առկա են նաև ադրբեջանցիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *