Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը հունվարի 21-ին մեկնել է Բրյուսել պաշտոնական այցով՝ մասնակցելու ՆԱՏՕ-ին Աֆղանստանում աջակցող երկրների ԳՇ պետերի հանդիպմանը։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ այցի նպատակն Անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) աջակցող երկրների ԳՇ պետերի՝ հունվարի 22-ին կայանալիք հանդիպումն է։
Նկատենք, որ հունվարի 15-ին Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի շտաբ-գրասենյակում կայացած հանդիպմանը հետևած ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Աֆղանստանին արդեն որպես օգնություն Ադրբեջանը հատկացրել է 1 մլն եվրո ու պատրաստ է տրամադրել ևս 1 մլն-ը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։
Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։ Սկզբնական շրջանում ISAF-ի գոտին զբաղեցնում էր միայն մայրաքաղաք Քաբուլը, իսկ 2003-ի հոկտեմբերից ՄԱԿ ԱԽ-ն որոշեց ընդլայնել առաքելությունը։ 2006-ի հոկտեմբերին Աֆղանստանի ողջ տարածքով ընդլայնման գործընթացն ավարտվեց։
Խաղաղապահ առաքելության ջոկատներին ծրագրվում է դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։