Աֆղանցիների սպանած ամերիկացին կարող է մահապատժի ենթարկվել: Կես մլն եվրոյի գույք` ՆԱՏՕ-ից Վրաստանին. օրվա ամփոփում

Ադրբեջանը հայտարարել է, թե իր տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ: Այսօր ավիավթարներ են գրանցվել Թուրքիայում և Ռուսաստանում, ռազմական գործողությունը ձախողվել է Իսրայելում: Ռուսաստանն էլ հայտարարել է, թե С-300 հակահրթիռային համակարգեր չի տրամադրի Իրանին: Իսկ մարտի 10-ին 16 աֆղանցու սպանած ամերիկացի զինծառայողը կարող է դատապարտվել մահապատժի:

  • Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրում է, որ ռազմական համագործակցությունը պետության համար արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրիչներից և անվտանգության երաշխիքներից մեկն է: Նա նշել է, որ հեռանկարային է ռազմական համագործակցությունը հատկապես Հնդկաստանի հետ:
  • Թուրքիայի Քոնիա նահանգում ԱՄն և Թուրքիայի ՌՕՈՒ-ն անցկացնում են «Անատոլիական բազե» զորավարժությունը, որին ամերիկյան կողմից մասնակցում են 15 հատ F-16 կործանիչ` 250 հոգի անձնակազմով և Թուրքիայի ռազմաօդային հրամանատարության 3 ռազմաբազայի օդանավեր: Զորավարժության ընթացքում թուրքական կողմից ռազմական ինքնաթիռ է վթարվել: Օդաչուներից մեկը զոհվել է:
  • Վթար է եղել նաև Ռուսաստանում. պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս վթարվել է ռուսական Ka-52 «Ալիգատոր» ռազմական ուղղաթիռը: Անձնակազմի շտուրմանը զոհվել է, երկրորդ օդաչուն վիրավոր է:
  • Իսրայելական նորագույն հակահրթիռը սխալմամբ ընկել է բնակելի թաղամասի վրա: Անկման վայրը չի հայտնվում, իսկ հակահրթիռը սակրավորները վնասազերծել են և տեղափոխել անվտանգ վայր:
  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում իր տարածքը տրամադրել որևէ ուժի` Իրանի վրա հարձակում գործելու համար: Ավելի վաղ ադրբեջանցիներն իրենց «որոշումը հիմնավորել էին» Իրանի հյուսիսիում ադրբեջանական համայնքի գոյությամբ, որին չեն ցանկանում վնասել:
  • Իսկ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրան չի առաքի C-300 հրթիռային համակարգեր: Անդրադառնալով Վրաստանի թեմային` նա ասել է, թե Ռուսաստանը չի պլանավորում վերականգնել Վրաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
  • Մյուս կողմից` վրացական զորքերը համալրում ստանում են և համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանը ստացել է ականազերծման համար նախատեսված մոտ կես միլիոն եվրոյի հատուկ հանդերձանք:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը պահանջել է ԵՄ-ից ամրապնդել Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական հարաբերությունները, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ցանկալի արդյունքի հասնի:
  • ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում իսրայելական խաղաղ շրջանների վրա հրթիռային հարձակոմներն անընդունելի են և պետք է դադարեցվեն: Նա նաև Իսրայելին կոչ է արել հանդես բերել առավելագույն զսպվածություն:
  • Մարտի 10-ին` 16 խաղաղ աֆղանցու գնդակահարած ամերիկացուն կարող են մահապատժի ենթարկել: BBC-ի հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Ամերիկացու այս քայլը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, իսկ թալիբները խոստացել էին վրեժ լուծել ամերիկացիներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *