Քաթարը ստացել է թուրքական արտադրության առաջին պարեկային կատերը

Թուրքական նավաշինական ընկերությունը Քաթարին է փոխանցել 3 MRTP 34 պարեկային կատերներից առաջինը։ Հանդիսավոր արարողությունն անցկացվել է դեկտեմբերի վերջին։ 

Քաթարի նավատորմի համար պարեկային կատերների պատվերը կատարում է թուրքական Yonca-Onuk (Յոնջա Օնուք) նավաշինական ընկերությունը, որը վերջին շրջանում ռազմարդյունաբերական ոլորտում զգալի ակտիվություն է ցուցաբերում։

MRTP 34 պարեկային կատերը զինված է մեկ այլ թուրքական ընկերության՝ Aselsan-ի (Ասելսան) արտադրած 30 մմ ավտոմատ թնդանոթով, սակայն դեռ չունի հականավային հրթիռներով, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։ Այն զինված է նաև 2 միավոր 12,7 մմ գնդացիրներով։ Առավելագույն արագությունը 50 հանգույց է (շուրջ 93 կմ/ժ), կարող է տեղափոխել մինչև 18 հոգի։

MRTP 34-ը Թուրքիայի նավատորմի MRTP 33 կատերների արդիականացված և փոփոխված տարբերակն է։

Քաթարը թուրքական ընկերության հետ 2012 թվականին էր պայմանագիր կնքել, որով նախատեսում էր ձեռք բերել 3 MRTP 34 և MRTP16 կատերներ։ Պայմանագրի ֆինանսական կողմի մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *