Սիրիան պատերազմից կրած վնասները գնահատել է մոտ 22 մլրդ ԱՄՆ դոլար

Սիրիայի կառավարությունը հունվարի 20-ին ներկայացրել է 2011-ից սկիզբ առած քաղաքացիական պատերազմի հետևանքով գրանցված տնտեսական վնասի մանրամասները։ Ըստ վարչապետ Օմար Գալավանջիի՝ այն կազմում է ավելի քան 21.6 մլրդ ԱՄՆ դոլար։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի պետական «Ալ Վաթան» թերթին, վարչապետը շեշտել է՝ իր նշած թիվը վերջնական չէ, այն անընդհատ աճում է։

Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2013-ի փետրվարին, Դամասկոսը հայտարարել էր՝ ներքին հակամարտության պատճառով Սիրիայի կառավարությունը կրել է 14 մլրդ ԱՄՆ դոլարի չափով վնաս։

Հավելենք, որ ավելի քան 3 տարի տևող ու մինչ օրս շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում Արևմուտքը Սիրիայի դեմ պատժամիջոցներ ու արգելքներ է կիրառել, որոնք հիմնականում ուղղված են եղել երկրի տնտեսության դեմ։ Սիրիայի տնտեսությանը զգալի հարված են հասցրել նաև տնտեսական կենտրոնի` Հալեպի ռմբակոծումը և մարտական դրությունը։

Հիշեցնենք, որ հակամարտության ընթացքում գրանցվել է 130 հազար զոհ, ավելի քան 2 մլն մարդ դարձել է փախստական։ Սիրիայի կառավարությունը և վերջինիս դեմ կռվող զինյալները մինչ օրս չեն կարողանում համաձայնության գալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *