Տեր Կորյուն քահանա Կարապետյանը ՀՀ ՀՕՊ զորքերի հոգևոր սպասավորն է: Նա Հայաստանի ԶՈՒ-ի 47 հոգևոր սպասավորներից մեկն է: 1997թ.-ից մինչ օրս, ինչ հիմնադրվել է հոգևորականների ծառայության կարգը ԶՈՒ-ում` ծառայություն է անցել 150 սպասավոր:
Տեր Կորյունը նշեց, որ հոգևորականների թիվը բավական փոքր է, իսկ նրանք ծառայություն են անցնում հիմնականում սահմանամերձ կամ ամենամեծ զորամասերում:
Այսօր զորամասերում հոգևորականները հոգևոր արժեքներ են սերմանում: Այն հարցին, թե աղանդավորներն ինչպես են ընդունում հոգևորականներին` Տեր Կորյունը պատասխանեց. «Աղանդավորները առավել ագրեսիվ և ինքնասացի էին 1990-ական թթ սկզբին: Այսօր նրանց մի մասը բանակում հայտարարում է, թե չի կարող զենք վերցնել, սակայն երկու-երեք զրույցից հետո նրանք հասկանում են, որ չի կարելի ծառայել առանց զենք վերցնելու: Բայց լինում է նաև, որ նրանք գալիս են հստակ նպատակով` իրենց շարքերը մեծացնելու միտումով, սակայն մեր հոգևոր սպասավորներն այնքան լավ են տիրապետում Աստվածաշնչին, որ ցանկացած մոլորությունից հնարավոր է խուսափել»:
Ինչ վերաբերում է բանակում գրանցված զոհերին` Տեր Կորյունը համոզված է, որ դրանում մեզանից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի, քանի որ բանակում առկա խնդիրը չի ծագում հենց բանակում, այլ այնտեղ մեկ այլ դրսևորում է ստանում:
Razm.infօ-ի այն հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում հոգևորականները բանակում` Տեր Կորյունը պատասխանեց. «Խնդիրները կարող են տարբեր լինել: Օրինակ, երբ հրամանատարն անհավատ է, դա ևս կարող է խնդիր լինել, քանի որ հոգևորականն աշխատում է ոչ միայն զինվորի, այլև սպաների հետ: Մենք փորձում ենք առավել անմիջական լինել բոլորի հետ` կարևորելով ավելի շատ մարդկային մոտեցումը: Ամեն առավոտ ես մտնում եմ հրամանատարի մոտ, հարցնում` ինչպես է ինքը, ընտանիքի անդամները… ու երբ դու մարդկային շփման ես գնում, ինքը դուրս է գալիս իր աշխատասենյակից ու զինվորին ոչ միայն որպես համազգեստով ծառայող է տեսնում, այլ, նախևառաջ, մարդու»:
Տեր Կորյունը գործի բերումով լինում է տարբեր զորամասերում և մեր այն հարցին, թե ինչ են հիմնականում իրենից խնդրում զինվորները` պատասխանը մեկն էր. «Ասում են` Տեր Հայր, կարո՞ղ եք իմ համար արձակման թերթիկ վերցնել: Ասում եմ` ի՞նչ ես անում, ու՞ր ես գնալու: Ասում է` մեր տունը 60 կմ է հեռու` 1 ժամում կհասնեն,մի ժամում հետ կգամ, մի 2-3 ժամ էլ տանը կմնամ: Եթե թողնում եմ գնա` իր ասած ժամից էլ զինվորը շուտ է գալիս, քանի որ չի ուզում վստահությունը կորցնել: Եղել է նաև, որ ասել եմ` օրագիրդ տեսնեմ ինչ ես ստացել: Նայում եմ` «3» ունի, ասում եմ` չէ, չես գնալու, մյուս անգամ, որ գամ միայն բարձր գնահատականներ լինի` կգնաս: Հաջորդ անգամ անգամ հրամանատարներն են խոսում նույն զինվորի բարձր առաջադիմության մասին»:
Տեր Կորյունը կարող է անվերջ պատմել հոգևոր ծառայության խնդիրների և ընթացքում ունեցած ձեռքբերումներից: Անթիվ են նաև ծառայության ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերը: Մեր զրուցակիցը չի հանդիպել հոգեկան անհավասարակշռության շեմին գտնվող զինվորների, սակայն հոգևոր սպասավորներից շատերը փաստում են, որ այսօր շատ հաճախ զինվորներն իրենց ավելի են վստահում, քան սպային, քանի որ մտավախություն ունեն, թե սպան գուցե պատժի, իսկ հոգևորկանը ուղորդում և ճիշտ խորհուրդ է տալիս: Այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չէ Տեր Կորյունը, այլ համոզված է, որ զինվոր-սպա կապը ամրապնդվում է. «Եթե զինվորը չվստահի հրամանատարին` ո՞նց պիտի պատերազմում հաղթի. մեր զինվորը վսհատում է իր հրամանտարին»:
Հոգևոր սպասավորները զուտ հոգևոր կրթությամբ չեն զբաղվում, նրանք զինվորի կողքին զինվոր են, հրամանատարին` երբեմն խորհրդատու:
«Մասնակցել են Արցախյան ազատամարտին: Այսօր էլ լինում է, որ կրակակետում հանում եմ հոգևորականի զգեստս ու զինվորական հագուստով մասնակցում վարժանքներին: Իմ մասնակցությունը ոգևորում է շատերին, առավել լավ արդյունքներ ցույց տալու հնարավորություն տալիս»,- նշեց Տեր Կորյունը` հավելելով, որ հոգևորականը նույնքան էլ զինվոր է և մասնակացում է` և’ պատերազմին, և’ տագնապին, և’ հավասարապես ծառայում հայրենիքին: