ԱՄԷ-ն անցնում է զորակոչով բանակին

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) շուտով սկսելու է գործել պարտադիր զինվորական ծառայության սկզբունքը: Համաձայն նոր օրենքի՝ զորակոչի ենթակա են լինելու արական սեռի 18-ից 30 տարեկան բոլոր ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, այս մասին հայտարարել է ԱՄԷ վարչապետ շեյխ Մոհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումը:

ԱՄԷ բանակի սպաներ

ԱՄԷ բանակի սպաներ

Միաժամանակ ԱՄԷ նախագահ Խալիֆ Բին Զահիդ Ալ-Նահայան հանձնարարել է մշակել օրինագիծ՝ ազգային պաշտպանության ուժերի և պահեստային զորքերի կազմավորման վերաբերյալ: Նախատեսվում է, որ ռեզերվն ու ազգային պաշտպանության զորքերը համալրվելու են պարտադիր ժամկետային զինծառայությունն անցած և զորացրված անձանցով:

Հայտնի է նաև ծառայության տևողությունը, որը սահմանվելու է նոր օրինագծով: Ըստ այդմ՝ միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիները ծառայելու են 9 ամիս, իսկ կրթություն չունեցողները՝ 2  տարի ժամկետով:

Ըստ ամենայնի, ԱՄԷ-ն դիմում է զորակոչով բանակի ստեղծմանը հիմնականում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների պատճառով, որոնք արտաքուստ թեպետ բնականոն են, սակայն ԱՄԷ-ն փորձում է խուսափել Սաուդյան Արաբիայի ազդեցությունից:

Բացի այդ, տարածաշրջանում Իրանն ունի առաջնորդ լինելու իր հավակնությունները, ինչը նույնպես կարող է նման որոշման հիմք դառնալ։ Պետք չէ մոռանալ նաև Մերձավոր Արևելքում վերջին շրջանում զգալի ակտիվացած ահաբեկչական խմբավորումներին։

Հավելենք, որ ներկայումս Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գործառույթներն իրականացնում են հիմնականում օտարազգի պայմանագրայինները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *