Չինաստանը կառուցում է իր երկրորդ ավիակիրը

Չինաստանը սկսել է իր երկրորդ ավիակրի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել վեց տարի անց: Եվս երեք ավիակիր գտնվում է նախագծման փուլում: Չինաստանի իշխանություններն այս կապակցությամբ պնդում են, որ երկրի ռազմական ներուժին զարկ է տրվում բացառապես պաշտպանական նպատակներով: Այս մասին հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը:

Չինաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) կազմում առկա է մեկ ավիակիր, սակայն օրըստորե աճող ռազմական ներուժը երկրի ռազմական արդյունաբերության օրակարգ մտցրեց ևս մի քանի ավիակրի կառուցում: 2013-ի ձմռանը հաստատվեց, որ Չինաստանը կառուցում է ատոմային ավիակիր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԾՈւ կազմում ստեղծվել է ծովային ավիացիայի առանձին ստորաբաժանում:

Ներկայումս ՌԾՈւ կազմը համալրող Լյաոնին ավիակիրը Չինաստանը գնել է Ուկրաինայից և արդիականացրել, ինչից հետո այն կարող է կրել մինչև 30 ինքնաթիռ: Նախկինում այն խորհրդային ՌԾՈւ Վարյագ ավիակիրն էր:

Հավելենք, որ 2013-ի հոկտեմբերին Չինաստանը պաշտոնապես հայտարարեց, որ իր ինտելեկտուալ կարողությունների իրավունքով կառուցում է ավիակիր՝ սեփական զինված ուժերի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *