Տոկիոյում 92 տարեկան հասակում մահացել է երբեմնի հետախույզ Հիրո Օնոդան, ով հանրաճանաչ է նրանով, որ հանձնվեց երկրորդ համաշխարհայինի ավարտից միայն 27 տարի անց։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The New York Times պարբերականը։
Հիրո Օնոդան ծնվել է 1922-ի մարտի 19-ին։ 1942-ին անցել է զինվորական ծառայության Ճապոնիայի կայսերական բանակում, որտեղ ստացել է հետախույզի որակավորում։ 1944-ի դեկտեմբերին Օնոդան ստացել է երկրորդ դասի լեյտենանտի կոչում, ինչից հետո նրան ուղարկել են ֆիլիպինյան Լուբանգա կղզի՝ հանձնարարելով իրականացնել դիվերսիոն գործողություններ։
1945-ի փետրվարին, երբ արդեն ակնհայտ էր, որ ԱՄՆ զորքերը հաղթանակ են տանում Ֆիլիպիններում, Օնոդայի հրամանատարը հանձնարարում է կռվել մինչև վերջ, սպասել օգնության և հավելել, որ կարող է անցնել երեք կամ հինգ տարի, բայց նրա հետևից անպայման կվերադառնան։
Կատարելով հրամանը` Օնոդան շարունակում էր թաքնվել կղզում՝ նույնիսկ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։ Նա չէր հավատում, որ Ճապոնիան պարտվել է, իսկ այդ մասին հաղորդող թերթիկները համարում էր ծուղակ՝ իրեն ջունգլիներից դուրս բերելու համար։ Եղել են դեպքեր, երբ Օնոդան սպանել է ջունգլիում հանդիպած մարդկանց՝ համարելով, որ նրանք թշնամու հետախույզներն են։
Ճապոնացիները մեկ անգամ չէ, որ կազմակերպել են որոնողական աշխատանքներ, սակայն դրանք անարդյունք են մնացել և 1959-ին Օնոդան պաշտոնապես ճանաչվեց զոհված։ Նրան հաջողվեց հայտնաբերել միայն 1972-ին։ Հետախույզ լեյտենանտը հրաժարվեց վերադառնալ հայրենիք՝ պատճառաբանելով, որ դրա համար նա պետք է ստանա համապատասխան հրաման։ Ճապոնիան ստիպված եղավ Ֆիլիպիններ ուղարկել հատուկ պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էր նաև հետախույզի նախկին հրամանատարը, ով հրամայեց լեյտենանտին վայր դնել զենքը։
Օնոդան պաշտոնապես հանձնվեց Ֆիլիպինների նախագահին, ով համաձայնեց նրան ներում շնորհել, ինչից հետո հետախույզը վերադարձավ Ճապոնիա, որտեղ նրան դիմավորեցին ինչպես հերոսի։ Օնոդան շուտով մեկնեց Բրազիլիա, որտեղ ամուսնացավ ճապունուհու հետ և սկսեց զբաղվել անասնաբուծությամբ։
Հավելենք, որ Օնոդան 1984-ին վերադարձավ հայրենիք, որտեղ երիտասարդների համար հիմնեց էքստրեմալ պայմաններում գոյատևման դպրոց։