Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունվարի 12-18

Հայկական եկեղեցին դուրս է բերվում թուրքական զորամասի տարածքից, 1,4 մլրդ դոլարի ռազմական նշանակության արտադրանքի արտահանում, թուրք-հունական օդային «պատերազմներ» և այլ հետաքրքիր իրադարձությունները՝

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

” Ներկայիս Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգում՝ Թուրքիայի զինված ուժերի 5-րդ հետևակային բրիգադի ուսումնական հրամանատարության տարածքում գտնվող  հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին առաջիկայում դուրս է բերվելու զինվորական տարածքից և հիմնանորոգվելու է։ Համապատասխան որոշումն արդեն կայացրել ենԹուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Սեբաստիայի նահանգապետարանը։

” Թուրքական զինուժի առաջին Airbus A400M բեռնատար ինքնաթիռը, որն այդ երկիր էր ժամանել դեկտեմբերին, ներկայում ընդունման փորձարկումների փուլում է։ Փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են որոշ խնդիրներ, որոնք, ըստ թուրքական կողմի ներկայացուցիչների, այնքան էլ լուրջ չեն և ներկայում շտկվում են։

” Թուրքիան 2013 թվականին արտահանել է 1,39 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական նշանակության արտադրանք: Թուրքիան անցած տարի 490 մլն դոլարի արտադրանք է արտահանել ԱՄՆ (ողջ արտահանման 37 տոկոսը)։ ԱՄՆ-ին հաջորդում են Իտալիան (5,1 տոկոս), Մալայզիան (4,5 տոկոս), Իսպանիան (4,3 տոկոս), Ուկրաինան (4,1 տոկոս), Իռլանդիան (3,8 տոկոս), ԱՄԷ-ն (3,4 տոկոս), Գերմանիան (3,15 տոկոս), Բահրեյնն (2,9 տոկոս) ու Պակիստանը (2,9 տոկոս):

” Մալայզիայի ու Թուրքիայի միջև հունվարի 10-ին կնքվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են խորացնել տնտեսական կապերը մի շարք ոլորտներում, այդ թվում` ռազմարդյունաբերությունում։

” Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում պատրաստվում են հուշարձան կանգնեցնել` նվիրված 20 տարի առաջ թուրքական բանակի գործողությունների հետևանքով սպանված խաղաղ քուրդ բնակիչների հիշատակին: Հուշարձանը կանգնեցնելու որոշում է կայացրել Թուրքիայի դատախազությունը:

” Թուրքիայի ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալել են այդ երկրում գործող «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների: Համաժամանակյա ոստիկանական գործողություններ են անցկացվել Վանում, Ստամբուլում, Ադանայում, Այնթապում, Կայսերիում ու Քիլիսում, որի ժամանակ խուզարկվել են մի շարք հասցեներ, ինչպես նաև մեծ թվով կասկածյալներ են ձերբակալվել, թեև նրանց հստակ թիվը դեռ չի նշվում։

” Թուրքիան մեղադրել է Հունաստանին հունվարի 13-ին էգեյան ծովի «միջազգային ջրերում» թուրքական ռազմական ինքնաթիռի թռիչքին խանգարելու համար։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական նավատորմի CN-235 բեռնատար ինքնաթիռը թռիչք է կատարել Էգեյան ծովի միջազգային ջրերում, երբ Հունաստանն օդ է բարձրացրել F-16 կործանիչները, որոնք 2 րոպեից ավել ուղեկցել են թուրքական օդանավին, ըստ թուրքական կողմի՝ խանգարելոով նրա թռիչքին։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *