Կնոջ սպանության համար մեղադրվող պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանը կալանավորվել է։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով։
Զինծառայողը մեղադրվում է սպանության, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հատկանիշներով։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է, սակայն եթե մեղադրանքը հաստատվի, ապա Հովսեփ Իսրայելյանին սպառնում է 6-ից 12 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ Հովսեփ Իսրայելյանը հունվարի 13-ին խեղդամահ է արել կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքարյանին, ապա մեղայականով ներկայացել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի ռազմական ոստիկանություն։ Ամուսիններն ունեին 6-ամյա աղջիկ ու 4-ամյա տղա, ովքեր դեպքից հետո տեղափոխվել են ազգականների տուն։