Սիրիայի քիմիական պաշարների տեղափոխումը՝ իտալական նավահանգստով

Հունվարի 16-ին Իտալիայի կառավարությունը հայտարարել է Ջոյ-Թաուրո նավահանգիստը Սիրիայի քիմիական զենքի պաշարների տեղափոխման գործընթացի համար տրամադրելու մասին։

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված նավ

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված նավ

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, թունավոր նյութերը Սիրիայից դուրս են բերվելու դանիական նավով, ապա իտալական նավահանգստում տեղափոխվելու են հատուկ սարքավորումներով զինված ամերիկյան «Քեյփ Ռայ» նավի վրա, որը նախատեսված է քիմիական նյութերի ոչնչացման համար։

Նախնական տվյալներով՝ առավելագույնը 48 ժամում քիմիական զենքի 60 կոնտեյներ պետք է հայտնվի ամերիկյան նավի վրա։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ BBC-ին տված հարցազրույցում այն իտալական քաղաքի քաղաքապետը, որին պատկանում է վերոնշյալ նավահանգիստը, դժգոհել է, որ իրեն չեն իրազեկել այդ մասին՝ չնայած որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է՝ քիմիական զենքի տեղափոխության գործընթացը որևէ վտանգ չի ներկայացնի իտալական քաղաքի բնակիչների համար։

Հավելենք, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարների դուրսբերման գործընթացը մեկնարկել էր հունվարի 8-ին։ Սիրիայի երկու պահեստների քիմիական զենքը բերվել է Լաթաքիայի նավահանգիստ, ապա տեղափոխվել դանիական նավի վրա։ Նավին ուղեկցել են Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային պահակախմբերը։

2013-ի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունները խոստացել էին առաջիկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հատուկ սարքավորումներով օժտված նավ՝ բաց ծովում Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար:

Մեծ Բրիտանիան համաձայնել էր պաշարների մի մասն իր տարածքում ոչնչացնել։ Քիչ վտանգ ներկայացնող քիմիական նյութերը դուրս են բերվելու նորվեգական և դանիական նավերով, ապա չեզոքացվելու են առևտրային տարբեր կազմակերպությունների ջանքերով։ Սիրիայի քիմիական «զինաթափման» գործընթացին մասնակցում են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Դանիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չինաստանն ու Նորվեգիան։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *