ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպաներին հեռացրել են քննությանն արտագրելու համար

ԱՄՆ ռազմաօդային ուժերի 34 սպաներ, որոնք պատասխանատու են միջուկային մարտագլխիկով հրթիռների արձակման համար, հունվարի 15-ին հեռացվել են աշխատանքից որակավորման քննությանն արտագրելու պատճառով։

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, արտագրության դեպքը 2013-ի օգոստոս-սեպտեմբերին ամենամսյա որակավորման քննություններին է եղել։ Մոնտանա նահանգի «Մալմսթրոմ» ՌՕՈւ ռազմակայանի 341-րդ հրթիռային թևի ստուգումների ընթացքում պարզել են՝ քննությունների ժամանակ սպաներից մեկը քննական թեստի ճիշտ պատասխանները կարճ հաղորդագրության միջոցով ուղարկել է իր 16 ծառայակիցներին. ևս 17 սպաներ խոստովանել են, որ տեղյակ են եղել հաղորդագրություններից։

ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը սպաների պահվածքը որակել է «բացարձակապես անհարիր, որը հակասում է ռազմաօդային ուժերի հիմնական սկզբունքներին»։

Հետաքրքիր է, որ Մոնտանայի նույն ռազմակայանում անվտանգության կանոնների խախտման դեպքեր են բացահայտվել 2013-ի հոկտեմբերին. ՌՕՈւ 4 սպաների, որոնք պատասխանատու էին միջուկային հրթիռների արձակման հարցում, վարչական տուգանքի են ենթարկել ծառայության ժամանակ քնելու պատճառով, երբ հրթիռային կայանի դուռը բաց է եղել։

2014-ի սկզբին էլ այս ռազմակայանի 2 զինծառայողների կասկածել են թմրանյութեր պահելու համար, ներկա դրությամբ հետաքննություն է ընթանում։

Նկատենք, որ ԱՄՆ ՌՕՈւ անձնակազմի շարքերում վերջին շրջանում հաճախ են սկանդալներ գրանցվում՝ անհարիր պահվածքի, թմրանյութերի օգտագործման, պարտականությունները չկատարելու ու շատ այլ պատճառներով։  2014-ի հունվարի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չարլզ Հեգելը հայտարարել է՝ ԱՄՆ ՌՕՈւ զինծառայողների շրջանում բարոյական ոգին ցածր է, խնդիրներ են առկա հատկապես հրթիռների հորաններում և ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ստորաբաժանումներում ծառայություն անցնողների շարքերում։

2013-ի դեկտեմբերին պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր, ռազմավարական նշանակության միջուկային զորքերի հրամանատար Մայքլ Քերին, քանի որ Ռուսաստանում 2013-ի հուլիսին գործուղման ժամանակ չարաշահել էր ոգելից խմիչքները, կոպտել ռուս պաշտոնակիցներին, հյուրանոցում մարմնավաճառների հետ ժամանակ անցկացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *