Ադմիրալ Կուզնեցով ավիակիրը կմասնակցի Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի ավիակիր խումբը` Ադմիրալ Կուզնեցով ավիակրի գլխավորությամբ, կմասնակցի Սիրիայից դուրս բերվող քիմիական զենքի անվտանգության ապահովմանը։ Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Ադմիրալ Կուզնեցով  հածանավը

Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Ռուսական հյուսիսային նավատորմի ավիակիր խումբն արդեն շարժվել է Միջերկրական ծովի արևմտյան ափերից, որտեղ այն ստացել է նյութատեխնիկական համալրում։ Ադմիրալ Կուզնեցով ատոմային հածանավն ու իրեն ուղեկցող մյուս ռազմանավերն այժմ ուղևորվում են Միջերկրական ծովի արևելք՝ դեպի Սիրիա։

Ռազմանավերի խումբն ապահովելու է սիրիական քիմիական զենքը դուրսբերող դանիական և նորվեգական նավերի անվտանգ տեղաշարժը՝ Սիրիայի Լաթաքիա նավահանգստից դեպի Իտալիա, որտեղ քիմիական զենքը բեռնելու են ամերիկյան հատուկ նավերի վրա՝ հետագա ոչնչացման նպատակով։

Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հաղորդում էին, որ քիմիական զենքի տեղափոխման անվտանգությունն ապահովելու է «Պյոտր Մեծ» ատոմային հածանավը։

Հիշեցնենք նաև, որ 2013-ի հոկտեմբերի 14-ին Սիրիան անդամակցեց քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, որին հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի քանակի հայտարարագրումը։ Համաձայն այդ տվյալների՝ Սիրիան ունի շուրջ 1300 տոննա քիմիական զենք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *