Սիրիայում սպանել են զինյալների՝ Բելգիայի քաղաքացի իսլամիստ առաջնորդին

Սիրիայում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման էմիրներից՝ավագ հրամանատարներից մեկին սիրիացի զինյալները սպանել են հունվարի 15-ին Իդլիբ գավառում։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալներով՝ այն ավտոմեքենան, որով երթևեկում էին ալ Ջազարին և իր համախոհները, դարան է ընկել։ Հարձակումն իրականացրել են «Իսլամական ճակատ»  խմբավորման զինյալները։ Սկսված փոխհրաձգության հետևանքով զինյալների առաջնորդը մահացու վնասվածք է ստացել։ Սպանվել է նաև նրան ուղեկցող թիկնապահը։

Աբու ալ-Բարաա ալ Ջազարին ծագումով Ալժիրից էր, Բելգիայի քաղաքացի։ Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը, զինյալը փորձ է ձեռք բերել մի շարք հակամարտությունների մասնակցելով, իսկ Սիրիա եկել է Բաշար Ասադի դեմ «սրբազան պատերազմ»՝ «ջիհադ» ծավալելու նպատակով։

Նշենք, որ ալ Ջազարին ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակության Սարաքիբ քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հրամանատարն էր։ Սարաքիբ քաղաքը տեղակայված է Հալեպը Սիրիայի կենտրոնական շրջանների և Դամասկոսի հետ կապող մայրուղիների խաչմերուկում։

Հավելենք, որ ալ Ջազարին հայտնի էր նրանով, որ պարբերաբար սպառնալիքներ էր հղում այսպես կոչված  զինյալների «չափավոր» խմբավորումներին (որոնք ծայրահեղ իսլամիստներ չեն)՝ հարկ եղած դեպքում հարյուրավոր իսլամիստ մահապարտների միջոցով նրանց ոչնչացնելու ուղղությամբ։

2014-ի սկզբից մինչ օրս շարունակվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման ու «չափավոր» իսլամ դավանող զինյալների զինված բախումները Հալեպ, Ռաքքա և Իգլիբ շրջաններում։ Հակամարտության հիմնական պատճառն այն է, որ տեղի խաղաղ բնակիչները հաճախ են բողոքում «չափավոր» իսլամի հետևորդ զինյալներին ծայրահեղ իսլամիստների բռնություններից։

Բախումները հանգեցրել են 700 զոհի։ Ընդ որում, իսլամիստներին հաջողվել է ամրացնել իրենց դիրքերը։

Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011-ին և շարունակվում է մինչ օրս։ Սկզբնական շրջանում միմյանց դեմ մարտնչում էին կառավարական ուժերը և զինյալների խմբավորումները, սակայն ներկա դրությամբ զինյալների շարքերում լուրջ տարաձայնություններ կան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *