Իրանը Ս-300ՊՄՈւ համակարգերի փոխարինող է ընտրում

Իրանի պաշտպանության նախարարության և խորհրդարանի համատեղ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ քննարկելու ՌԴ-ից գնած և այդպես էլ չստացած Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինելու հարցը։

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Իրանի խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էսմաիլ Քոսարին նշել է, որ իրենք հանդիպել են ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության քարտուղար Ալահեդդին Բորուջերդիին և Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի համար նախատեսված Ս-300ՊՄՈւ-1 զենիթահրթային համակարգերն այլ տարբերակներով փոխարինելու հարցը, ինչի համար էլ պատվիրակություն է մեկնելու Ռուսաստան, տեղեկացնում է իրանյան «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Ս-300ՊՄՈւ1 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։ Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Թեհրանը պատվիրել էր առնվազն 5 միավոր նման համակարգ։

Սակայն ՀՕՊ համակարգերը մինչ օրս այդպես էլ չեն տրամադրվել Իրանին, ինչն արդեն բազում տարաձայնությունների պատճառ է դարձել Մոսկվայի և Թեհրանի միջև։

ՌԴ-ն Ս-300ՊՄՈւ1-ի ուշացումը պատճառաբանում է ՄԱԿ ԱԽ սահմանած բանաձևերով, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում, ըստ ռուսական կողմի, նաև Ս-300 ՀՕՊ համակարգերը։

2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում էր Իրանի հետ ռազմական համագործակցության վրա՝ միևնույն ժամանակ վավերացնելով ՄԱԿ ԱԽ բանաձևերն ու վերջնականապես արգելելով Ս-300-երի վաճառքը։

Իրանը 2011 թվականին դիմել է Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ պայմանագիրը չկատարելու համար։ Իրանական կողմը ռուսներից 4 մլրդ ամերիկյան դոլար է պահանջում։

Վերջին շրջանում մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսական կողմը պատրաստվում է Ս-300-ի փոխարեն Իրանին առաջարկել այլ ՀՕՊ համակարգեր, սակայն Թեհրանը հրաժարվում է և պահանջում պայմանագրով սահմանված զինատեսակը։

Անցած ամռանն էլ համակարգերն արտադրող  «Ալմազ Անթեյ» կոնցերնի նախագահ Վլադիսլավ Մենշիկովը հայտարարեց, թե Իրանի համար նախատեսված համակարգերն այլևս գոյություն չունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *