Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը կոշտ և հեգնական արտահայտություններ էր արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեին։ ԱՄՆ պետքարտուղարությունը և Իսրայելի վարչապետը քննադատել են Յալոնին, որից հետո վերջինս ներողություն է խնդրել։
Հիշեցնենք, որ իսրայելական Ynews լրատվակայքի փոխանցմամբ՝ Յալոնը, արձագանքելով Քերիի՝ իսրայելական զորքերը Հորդանանի հովտից դուրս բերելու առաջարկին՝ շեշտել էր. «Քերին տաղտկալի է ու միամիտ։ Նա տարված է անհասկանալի կպչուն գաղափարներով և մեսիական զգացումներով: Ի՞նչ կարող է Քերին սովորեցնել ինձ պաղեստինցիների հետ հարաբերությունների ասպարեզում: Հուսով եմ՝ նա կստանա իր Նոբելյան խաղաղության մրցանակն ու մեզ հանգիստ կթողնի»։
Հունվարի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին Յալոնի խոսքերն անվանել է «վիրավորական և անհարիր»՝ ընդգծելով, որ Ջոն Քերին իրականում մտահոգված է Իսրայելի ճակատագրով։
Հետաքրքիր է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս քննադատել է Յալոնին՝ նշելով, որ նախարարի խոսքերն «անձնական բնույթի էին», սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ Յալոնի հնչեցրած տեսակետների մասին որևէ բացասական բան չի ասել։
2013-ի մարտից Քերին շուրջ 10 անգամ այցելել է Մերձավոր Արևելք՝ Իսրայելի և Պաղեստինի հակամարտությանը խաղաղ լուծումներ առաջադրելով: Ըստ ամերիկյան ծրագրի՝ երբ իսրայելական զորքերը դուրս գան Հորդանանի հովտից, պաղեստինյան ուժերը պետք է վերահսկեն տարածքը, որոնց աջակցելու են միջազգային խաղաղապահ զորքերը:
Հավելենք, որ 2013-ի մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել էր թե՛ իսրայելական, թե՛ պաղեստինյան կողմերի հետ: Այս հանդիպումները, ըստ էության, շոշափելի առաջխաղացում չեն գրանցել՝ դատելով դրանց վերաբերյալ հպանցիկ անդրադարձներից: