ՄԱԿ-ը մեղադրել է Հարավային Սուդանին մարդասիրական օգնությունը գողանալու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը մեղադրել է Հարավային Սուդանի զինված ուժերի զինծառայողներին և նրանց դեմ մարտնչող զինյալներին ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գողության համար։

Հարավային Սուդանի ԶՈւ զինծառայողներ

Հարավային Սուդանի ԶՈւ զինծառայողներ

Այս մասին հունվարի 15-ին հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությանը։

Բան Կի-Մունը շեշտել է, որ իրենց կողմից Հարավային Սուդանի խաղաղ բնակիչների համար նախատեսված սննդի պաշարները, առաջին անհրաժեշտության պարագաները և ուղարկված մյուս բոլոր իրերը գողացվում են՝ դրանք փոխադրող ավտոշարասյուների վրա պարբերաբար իրականացվող հարձակումների հետևանքով։ Նա նշել է, որ բացի զինյալներից, թալանի իրականացումից անմասն չեն կառավարական ուժերը ևս։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ իրենց մտահոգությունների շարքում է նաև Հարավային Սուդանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մեծ քանակը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն հունվարի 14-ին ավելի քան 200 խաղաղ բնակիչ խեղդվել է Նեղոսում՝ փորձելով դուրս գալ Մալաքալում մարտական գործողությունների գոտուց։ Կազմակերպության նախնական տեղեկությունների համաձայն՝ հակամարտության կամ քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվն անցնում է հազարից։ Տարբեր գնահատականներով՝ իրականում զոհերի թիվը մոտ 10 հազար է։

Հիշեցնենք, որ իրավիճակը Հարավային Սուդանում լարված բնույթ է ստացել 2013-ի դեկտեմբերի 16-ից, երբ երկրի նախկին փոխնախագահ Ռիեկա Մաշառան իրականացրեց հեղաշրջման անհաջող փորձ։ Մայրաքաղաքում անհաջողության մատնվելուց հետո ապստամբները նահանջել են երկրի հյուսիսային շրջաններ։ Կառավարական ուժերն առայժմ հետզհետե վերահսկողություն են սահմանում ապստամբական կենտրոնների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *