F-35 կործանիչի տվյալները Թեհրանին փոխանցած իրանցին ԱՄՆ-ում ձերբակալվել է

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի օդանավակայանում հունվարի 9-ին ձերբակալվել է 1991-ին ԱՄՆ քաղաքացիություն ստացած, ծագումով Իրանից Մոզաֆար Խազաին, որին մեղադրում են F-35 կործանիչի տեխնիկական տվյալներն ապօրինի կերպով Իրանին փոխանցելու համար:

F-35 կործանիչ

F-35 կործանիչ

ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի դատախազությունից տեղեկացնում են, որ մեղադրյալին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:

Ըստ Defense News ռազմական լրատվակայքի՝ Խազաիին ԱՄՆ ՀԴԲ գործակալները հետևել են 2013-ի նոյեմբերից, երբ նա փորձել է Քոնեքթիքութից Իրանի Համադան քաղաք ուղարկել F-35 կործանիչի շարժիչի և կարևոր պահեստամասերի գծագրերն ու մանրամասն տվյալները, որոնք ամփոփված են եղել ավելի քան հազար փաստաթղթերում:

Հետաքննության փոխանցմամբ՝ իրանցին կարողացել է ձեռք բերել փաստաթղթերը, քանի որ 2013-ի օգոստոսին աշխատել է F-35 կործանիչների շարժիչների որակը ստուգող ընկերությունում, որի անունը դեռևս չի հրապարակվում:

Այնուհանդերձ, Defense News-ին հայտնի է դարձել, որ հետաքննության հետ համագործակցում են ռազմական տեխնիկա և  ինքնաթիռների շարժիչներ արտադրող խոշոր ընկերությունները: Այսպես, Rolls-Royce ընկերության մամուլի խոսնակը փաստել է՝ Խազաին իրենց աշխատակիցը չի եղել, իսկ Lockheed Martin-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից մինչև հետաքննության ավարտը: Գործի վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդել նաև Պենտագոնի F-35-ի նախագծի խոսնակը:

Նկատենք, որ 2013-ի սկզբին ԱՄՆ կառավարությունը խոստովանել էր՝ հաքերները՝ հավանաբար չինացիներ, կարողացել են ներբեռնել F-35 կործանիչի նախագծման մասին գաղտնի տվյալները:

Հիշեցնենք, որ Lockheed Martin ավիաշինական ընկերությունն արտադրում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչը 3 տարբերակով՝ ռազմածովային  ուժերի, ծովային հետևակի կորպուսի և ռազմաօդային ուժերի համար։ Ակնկալվում է, որ նոր կործանիչը կտրամադրվի զինված ուժերին 2016-ին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը 75 մլն ԱՄՆ դոլար է։

2013-ի փետրվարին ԱՄՆ-ում արգելք էր սահմանվել փորձնական թռիչքների վրա, քանի որ կործանիչներից մեկի տուրբինում ճաքեր էին հայտնաբերվել։ Թռիքների արգելքը հանվել էր ապրիլին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *