Գերմանիայի քաղաքացին մահացել է Պակիստանում անօդաչու թռչող սարքի հարվածից

Պակիստանում անօդաչու թռչող սարքի օդային հարվածների հետևանքով մահացել է Գերմանիայի քաղաքացի ոմն Պատրիկը: Միջադեպը գրանցվել է դեռևս 2012-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օրերս:

Պակիստանում ցույց են անում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կիրառման դեմ

Պակիստանում ցույց են անում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կիրառման դեմ

Ինչպես հաղորդում է գերմանական The Local պարբերականը, Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Պատրիկը հեռացել է Գերմանիայից 2011-ին, չի վերադարձել, ուստի ընդգկվել է անհայտ կորածների շարքում: Հաշվի առնելով, որ Պատրիկին վերջին անգամ տեսել են Պակիստանում` Բեռլինը պահանջել է Իսլամաբադից տեղեկություններ տրամադրել՝ արդյոք Պատրիկը ողջ է:

Ներկա դրությամբ հայտնի է, որ Գերմանիայի քաղաքացին մահացել է 2012-ի փետրվարին Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան գավառում՝ Միր-Ալի քաղաքից 35 կմ հեռավորության վրա: Պատրիկի ավտոմեքենային օդից հարվածներ են հասցրել 4 անօդաչու թռչող սարքեր, ինչի պատճառով է բացի Գերմանիայի քաղաքացուց, մահացել է ևս 9 հոգի, այդ թվում՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Պատրիկի մասին տեղեկություններ են ի հայտ եկել Ուզբեկստանի Իսլամական շարժման կայքում: Տեղադրված տեսանյութում վերջինս պատմում է հատուկ ծառայությունների հետ իր համագործակցության մասին:

Բացի այդ, նա շեշտում է՝ 2001-ին՝ 16 տարեկան հասակում, իսլամ է ընդունել, որոշ ժամանակ անց դարձել գերմանական հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցողներից մեկը: Հատուկ ծառայությունների հետ կապերի մասին է  վկայում այն, որ դեռևս 2011-ին Գերմանիայում արմատական իսլամական հայացքների պատճառով Պատրիկին ձերբակալել են, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակել, առանց մեղադրանքներ ներկայացնելու:

Նկատենք, որ Պակիստանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների կազմակերպիչը հիմնականում ամերիկյան ուժերն են: Bureau of Investigative Journalism ՀԿ-ի փոխանցմամբ՝ 2012-ին Պակիստանում ԱԹՍ-ների հարվածներից մահացել է 396 հոգի, որոնցից 63-ն առնչություն չունեին ահաբեկչական խմբավորումների հետ:

Պակիստանի կառավարության տվյալներով՝ 2013-ի հոկտեմբերի վերջի դրությամբ, վերջին 5-6 տարիների կտրվածքով՝ երկրում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների զոհ է դարձել 2227 հոգի, որոնց թվում է 67 խաղաղ բնակիչ։

Նկատենք, որ Պակիստանի մի շարք ՀԿ-ներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բողոքել են կառավարության հրապարակած այս թվերի դեմ՝ փաստելով, որ դրանք զգալիորեն նվազեցված են։ ԱՄՆ-ի կողմից ԱԹՍ-ների նման կիրառումը Պակիստանի տարածքում հանգեցրել է բողոքի ցույցերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *