Ռուսական պետական «Կալաշնիկով» կոնցերնն ու Russian Weapon Company ընկերությունները հնարավոր է պայմանագիր կնքեն, որով «Կալաշնիկովը» հնարավորություն կստանա միջնորդ ընկերության միջոցով իր արտադրանքը վաճառել ԱՄՆ-ում։
Կոնցերնի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պայմանագիրը կնքվելու է հունվարի 14-ից 17-ը Լաս Վեգասում կայանալիք Shot Show 2014 ցուցահանդեսի ժամանակ։
Ենթադրվում է, որ պայմանագրի կնքումը «Կալաշնիկով» կոնցերնին հնարավորություն կտա տարեկան շուրջ 200 000 միավոր արտադրանք վաճառել ԱՄՆ-ում։ Գործարքի շնորհիվ կոնցերնը կկարողանա ընդայնել իր արտադրանքի վաճառքը, քանի որ 2013-ին արտահանված մարզական և որսորդական զենքի ամբողջ ծավալի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին։
Արտահանվելիք ապրանքատեսակների մեջ առաջնահերթ նշվում են որսորդական ու սպորտային հրացանները, իսկ ընդհանուր առմամբ «Կալաշնիկովը» հնարավորություն կստանա շուրջ 30 տեսակի ոչ ռազմական նշանակության արտադրանք վաճառել ԱՄՆ-ում, որոնց թվում հանրահայտ «Սայգա» որսորդական հրացանի մի շարք արդիականացումներ։