Ֆրանսիան գնում է Rafale կործանիչների նոր արդիականացումներ

Ֆրանսիական զինված ուժերը Rafale (Ռաֆալ) կործանիչների նոր F3-R արդիականացումները կստանա 2018-ին։ Սա նախատեսված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ու կործանիչներն արտադրող Dassault Aviation ընկերության կնքած պայմանագրով։

Թեև այն կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերի վերջին, սակայն գաղտնի է պահվել։ Պայմանագրի արժեքը շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար է (810 մլն եվրո)

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

Ըստ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիան սրանով նաև ներդրումներ է անում սեփական ռազմական ինքնաթիռների արդյունաբերությունում, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին հայտնում է արտադրող ընկերության կայքը։

Չորրորդ սերնդի Rafale կործանիչները համալրում են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կազմը։ Կործանիչի թռիչքային առավելագույն զանգվածը կազմում է 24,5 տոննա, թևերի բացվածքը՝ 11 մետր, թռիչքի ավելագույն բարձրությունը՝ շուրջ 15 կմ, իսկ առավելագույն արագությունը՝ 1900 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 1800 կմ է։ Անձնակազմը 1 կամ 2 հոգի է։

Կործանիչի սպառազինության մեջ առկա են «օդ-մակերևույթ» և «օդ-օդ» դասի հրթիռներ, որոնք կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Կործանիչները կրում են նաև Nexter DEFA 791B (Նեքսթեև ԴԵՖԱ) տիպի 30 մմ ավտոմատ թնդանոթ։ Ինքնաթիռի լրակազմից կախված՝ գինը կարող է լինել 85-ից 124 մլն ԱՄՆ դոլար։

 

Rafale կործանիչը ավիացիոն հնարքներ կատարելիս

Rafale կործանիչը ավիացիոն հնարքներ կատարելիս

Rafale ինքնաթիռները շահագործում են 2001-ից։ Կործանիչներն առկա են Ֆրանսիայի զինված ուժերի սպառազինության մեջ։ Ինքնաթիռները 2013-ին մասնակցում էին նաև Բրազիլիայի զինված ուժերի ինքնաթիռների գնման մրցույթին, սակայն Բրազիլիան հրաժարվեց դրանցից՝առավելությունը տալով շվեդական արտադրության Gripen NG (Գրիփեն) կործանիչներին։

Կործանիչի F3-R արդիականացման վրա կտեղադրվեն նոր «օդ-օդ» հրթիռներ, կտեղադրվեն նոր լազերային նշանառության սարքեր, ինչպես նաև կարդիականացվեն նախկին սարքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *