Հարավային Կորեան 866 մլն դոլար է հատկացնելու ԱՄՆ զորախմբին

Համաձայն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև կնքված համաձայնագրի՝ Սեուլը տրամադրելու է մոտ 866.6 մլն ԱՄՆ դոլար` իր տարածքում ամերիկացի զինծառայողների կարիքների համար, ինչը 5.8 տոկոսով բարձր է նախորդ տարվա գումարից:

ԱՄՆ զինծառայողները՝ Հարավային Կորեայում. աղբյուրը՝ defensenews.com

ԱՄՆ զինծառայողները՝ Հարավային Կորեայում. աղբյուրը՝ defensenews.com

m

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, ներկա դրությամբ Հարավային Կորեայում կա 28 հազար ԱՄՆ զինծառայող: Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին կացարան և կերակուր տրամադրելու համար Հարավային Կորեան կծախսի մոտ 29 հազար ԱՄՆ դոլար:

2013-ի հուլիսին բանակցությունների 10 փուլերի արդյունքում ԱՄՆ-ն և Հարավային Կորեան կնքել են համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի միայն կորեական խորհրդարանի հաստատումից հետո:

Նախորդ համաձայնագիրը կնքվել էր 2009-ին, ժամկետը լրացել էր 2013-ի վերջին:

Հավելենք, որ Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է՝ 2014-ի հունվարի ընթացքում 12 ամերիկյան կործանիչներ են տեղակայվելու երկրում: Հարավկորեական թերակղզու տարածքում գործող ամերիկյան ՌՕՈւ ստորաբաժանման շտաբից տեղեկացրել են՝ հունվարի կեսին ԱՄՆ Յուտա նահանգի Հիլլ ՌՕՈւ ռազմակայանի անձնակազմից 300 հոգի տեղափոխվելու է Հարավային Կորեա, իսկ օրերս Պենտագոնը հաստատել է՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին 9 ամիս ժամկետով պարեկություն են անելու ևս 800 զինծառայողներ:

Նկատենք, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) արդեն քննադատել է ԱՄՆ-ի վերոհիշյալ հայտարարությունները՝ դրանք անվանելով իր անվտանգության համար «իրական սպառնալիքի ստեղծում»: Հարավային Կորեան իր հերթին պատճառաբանում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը նպաստում է Հյուսիսային Կորեայի` տարիներ շարունակ ռազմական բնույթի սադրանքներին դիմագրավելուն, որոնք, հարավկորեական կողմի բնորոշմամբ, ավելի հաճախ են դարձել ԿԺԴՀ Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Չան Սոն Տխեկիի մահապատժից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *