Ուկրաինայում նորոգում են Տ-34-85 տանկի թանգարանային նմուշը

Թանգարանային Տ-34-85 տանկը ուկրաինացիները նորոգելու են ու հասցնեն աշխատունակ վիճակի։ Տանկը նորոգման են բերել Կիևի ազգային պատմառազմագիտական թանգարանից։

Ուկրաինացիները ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած տանկը նորոգում են, որպեսզի մայիսի 9-ին այն ու մյուս Տ-34 տանկերը մասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված շքերթին ու անցնեն սեփական երթով։ Սա արդեն 3-րդ թանգարանային Տ-34 տանկն է, որ ԶՈւ գլխավոր շտաբի հրամանով նորոգում են ուկրաինացիները։ Եվս 2 տանկ նորոգել են նախորդ տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ պաշտոնական կայքը։

Նորոգման աշխատանքները բարդանում են այն պատճառով, որ Տ-34 տանկերը վաղուց չեն արտադրվում։ Տ-34 տանկերի զրահները վնասվում են կորոզիայից, դժվարանում է նաև տանկերի շարժիչների ու մյուս մասերի նորոգումը, որովհետև տանկաշինական ու նորոգման գործարաններում դրանց պահեստամասերից չկան, որոշ դեպքերում պահեստամասերը վերցնում են ավտոմեքենաներից։։ Բացի այդ, անձնակազմն էլ հիմնականում ծանոթ չէ տանկին։

Տ-34 տանկերը համարվում են ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի խորհրդանիշներից մեկը։ Տ-34 տանկերը հիմնականում հանված են սպառազիությունից ու հանդիպում են նախկին խորհրդային բլոկի երկրների թանգարաններում, սակայն աշխարհում կա մոտ 10 երկիր, որոնց թվում նաև Կուբան, Հյուսիսային Կորեան ու Վիետնամը, որոնց ԶՈւ սպառազինության մեջ մինչև հիմա առկա է Տ-34-ը։

Ուկրաինացիները նորոգում են Տ-34-85-ի աշտարակը

Տ-34-ը միջին տանկ է, նրա տարբեր արդիականացումների զանգվածները 25-32 տոննա են։ Անձնակազմը 4 հոգի է։ Տանկն արտադրվել է 1940-1958 թվականներին, իսկ սպառազինության մեջ եղել է 1940-ից սկսած։ ԽՍՀՄ-ում արտադրվել է 80 000-ից ավելի Տ-34 տանկ։

Տ-34-ը զինված է 76 մմ ակոսավոր թնդանոթով ու երկու 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի առավելագույն արագությունը 54 կմ/ժ է, իսկ շարժիչի հզորությունը՝ 500 ձիաուժ է։ Անցանելիության որոշ տվյալներով Տ-34-ը կարող է համեմատվել անգամ Տ-72 տանկի հետ։ Տ-34-85-ը Տ-34 տանկի ավելի ուշ արդիականացումն է, որի 76-ի փոխարեն դրված է 85 մմ ակոսավոր թնդանոթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *