Ղրղզստանի իշխանությունները փակել են բոլոր սահմանապահ և մաքսային անցակետերը Տաջիկստանի հետ սահմանին: Միաժամանակ Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել տաջիկներին: Պատճառը թերևս հունվարի 11-ին սահմանի փոխհրաձգությունն է:
Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Ղրղզստանի ԱԳՆ-ն վկայել է՝ անցակետերը փակ են մնալու մինչև «ստեղծված լարվածության չեզոքացումը»՝ հստակ ժամկետ չնշելով: Պաշտոնական Բիշքեքն այս որոշումը բացատրել է միջէթնիկական հակամարտություններից խուսափելու և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու ձգտումով:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն է եղել Աք-Սայ գյուղի մերձակայքում: Ղրղզական կողմը վկայում է՝ տաջիկներն իրենց դեմ կիրառել են ականանետեր, ինչի հետևանքով էլ 6 ղրղզ սահմանապահ վիրավորվել է:
Տաջիկստանը պնդում է, որ ղրղզական կողմն է մեղավոր, քանի որ «փորձեր է ձեռնարկել շարունակելու ավտոճանապարհի շինարարությունը, որի մի մասը Տաջիկստանի տարածքով է անցնում»: Տաջիկների վարկածի համաձայն՝ իրենց սահմանապահները պահանջել են անհապաղ դադարեցնել շինարարությունը, ապա վեճ է բռնկվել կողմերի միջև, հրաձգությունը տևել է մեկ ժամ:
Ներկայումս ավտոճանապարհի շինարարությունը կասեցված է:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռուսական պարբերականը, միջադեպից հետո երկու երկրների վարչապետները հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել են համատեղ հետաքննություն անցկացնել: Ըստ Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության տվյալների՝ այս նպատակով սահման են ուղարկվել երկու երկրների սահմանապահ ծառայությունների գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՆԳ փոխնախարարները:
Հավելենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի երկարությունը շուրջ 1000 կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո կողմերն ունեն ավելի քան 70 վիճելի տարածքներ սահմանի երկայնքով: Իրավիճակը լարված է հատկապես Բաթքենի շրջանի սահմանամերձ հատվածում, որտեղ էլ կատարվել էր վերոհիշյալ միջադեպը:
2014-ի հունվարի 7-ին Ղրզստանի և Տաջիկստանի միջպետական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվել էր նաև սահմանային հիմնախնդիրը՝ որոշում կայացնելով որոշ հատվածներում համատեղ պարեկություն իրականացնել: Միջադեպը եղել էր հենց համատեղ պարեկության անցակետում: