Իտալիան 8 մլրդ դոլար է հատկացրել նոր ռազմանավերի համար

Իտալիայի 2014 թվականի  պետական բյուջեով շուրջ 8 մլրդ ամերիկյան դոլար է հատկացվել ռազմածովային ուժերի համար նոր ռազմանավեր ձեռք բերելուն: Այս մասին Defense News ռազմական լրատվակայքի հետ զրույցում հայտնել է Իտալիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջուզեպե Դե Ջորջին:

PAM: Լուսանկարը` Իտալիայի ՌԾՈւ

PAM: Լուսանկարը` Իտալիայի ՌԾՈւ

Իտալական նավատորմի հրամանատարի խոսքերով` իրենք բավարարված են խորհրդարանի որոշումից և կարող են մի փոքր շունչ քաշել, քանի որ նոր ռազմանավերի կարիքը շատ էր զգացվում:

Թեև ծրագրով հատկացվել է 7.8 մլրդ ամերիկյան դոլար, սակայն առանց  տոկոսների, այսպես ասած, «մաքուր գումարը» կազմելու է 6.1 մլրդ եվրո:

Բյուջեով հատկացված գումարով իտալացի զինվորականները գնելու են 10 նավ, որոնցից 8-ը պետք է լինեն բազմանպատակային նավեր, 1-ը` ամֆիբիա նավ,  ևս մեկը`թիկունքային ապահովման նավ: Սպասվում է, որ նոր ռազմանավերը կառուցվելու են առաջիկա 10 տարիների ընթացքում:

Իտալացիները ձեռք են բերելու նոր Pattugliatori d’Altura Multiruolo (PAM) բազմանպատակային նավեր, որոնցով պետք  է փոխարինվեն հնացած Soldati ֆրեգատները, Minverva և Cassiopea պարեկային նավերը: Նավի նախագիծը մշակում է Իտալիայի ռազմածովային ուժերը, իսկ այն կառուցելու է Fincantieri ընկերությունը: PAM նախագծի մեկ նավի մոտավոր արժեքն է 470 մլն ամերիկյան դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *