Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում պատրաստվում են հուշարձան կանգնեցնել` նվիրված 20 տարի առաջ թուրքական բանակի գործողությունների հետևանքով սպանված խաղաղ քուրդ բնակիչների հիշատակին:
1994 թվականի մարտի 26-ին, երբ թեժ մարտեր էին թուրքական զինված ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև, թուրքական կողմը ռմբակոծել էր Շըրնաքի քրդաբնակ Քուշքոնար ու Քոչաղըլլը գյուղերը` սպանելով քառասունից ավել խաղաղ բնակչի:
Թուրքիան միայն վերջին տարիներին է այս գործով հետաքննություն սկսել, իսկ մինչ այդ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական պետությանը մեղավոր էր ճանաչել` ստիպելով տուժածներին փոխհատուցում վճարել:
Հուշարձանը կանգնեցնելու որոշում է կայացրել Թուրքիայի դատախազությունը: Առաջիկայում քրդաբնակ գյուղերում կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Նշենք, որ Թուրքիայում մեկնարկել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, որի շրջանակներում էլ Անկարան փորձում է նման քայլերով մեղմել Թուրքիայի քուրդ բնակչության դժգոհությունները, ինչպես նաև պահպանել հրադադարի ռեժիմը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ, որը հաստատվել էր անցյալ տարվա մայիսին: