Իսրայելը նախատեսում է HoverMast-100 ԱԹՍ-ի սերիական արտադրություն

Իսրայելական «Սքայ սափիենս» (Sky Sapience) ընկերությունը հնարավոր է առաջիկայում հիմնի HoverMast-100 անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն, որոնք ունակ են օդում տևական ժամանակ կախված վիճակում հետախուզություն կատարել:

«ՀովերՄասթ-100»  ԱԹՍ, աղբյուրը՝ gadgetfreak.gr

«ՀովերՄասթ-100» ԱԹՍ, աղբյուրը՝ gadgetfreak.gr

Նշենք, որ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 2012-ի փետրվարին: Դրանից հետո սարքը փորձարկումների փուլ է անցել: ԱԹՍ-ի հիմնական պատվիրատուն Իսրայելի ցամաքային զորքերն է, որի հրամանատարությանն էլ «ՀովերՄասթ-100»-ը հանձնվել է 2012-ի սեպտեմբերին:

Ենթադրվում է, որ տեղական սպառողների պահանջները բավարարելուց հետո ԱԹՍ-ն կսկսեն վաճառել նաև արտերկյա պատվիրատուներին:

«Սքայ սափիենս» ընկերության հավաստիացմամբ՝ ԱԹՍ-ի առավելությունն այն է, որ վերջինս կարող է թաքստոցից հետախուզություն իրականացնել, ինչն էլ թույլ կտա խուսափել հառակորդի կողմից հայտնաբերվելուց և ոչնչացվելուց:

Ըստ արտադրողների՝ ԱԹՍ-ի առանձնահատկություններից է այն, որ վերջինս վերելքի ու վայրէջքի համար կիրառում է երկու մեկ առանցքի ուղղությամբ ամրացված կրող պտուտակներ, ինչպես նաև չորս հավելյալ պտուտակներ՝ հավասարակշռության և մանևրայնության կառավարման համար: Սարքն ունակ է իր առջև դրված խնդիրները կատարել անգամ մինչև 25 հանգույց արագության քամու պայմաններում:

30-50 մ երկարության մետաղե մալուխն ապահովում է ԱԹՍ-ի լիցքավորումն անմիջականորեն տրանսպորտային միջոցից կամ առանձին գեներատորից: Բացի այդ, մալուխի օգնությամբ հավաքագրված տվյալները փոխանցվում են կառավարման վերգետնյա կենտրոն:

«ՀովերՄասթ-100»-ն ունի 10 կգ զանգված, կարող է կրել մինչև 6 կգ օգտակար բեռ, այդ թվում՝ էլեկտրաօպտիկական ընկալող-հաղորդող սարքեր, լազերային նշանառության համակարգ, ՌՏԿ, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր:

Հավելենք, որ տրանսպորտային տարբերակով «ՀովերՄասթ-100»-ը, իսրայելցի արտադրողների վկայությամբ, հնարավոր է տեղադրել 80 սմ տրամագծով կոնտեյներում տրանսպորտային միջոցի՝ վերգետնյա ռոբոտի կամ նավի վրա: «ՀովերՄասթ» համալիրը կարող է ընդգրկել մինչև 4 միավոր այդպիսի ԱԹՍ: Կոնտեյներն ավտոմատ բացվում է օպերատորի՝ կոճակը սեղմելուց անմիջապես հետո, ապա շուրջ 15 վայրկյանի ընթացքում օդ է բարձրանում մինչև 50 մ բարձրության վրա:

Նկատենք, որ ներկաjwumՍքայ սափիենս»-ը նախագծում է նույն ընտանիքի հետևյալ ԱԹՍ-ները՝ «ՀովերՄասթ-120», «ՀովերՄասթ-Էքսո», «ՀովերՄասթ-Ս»: Վերջին մոդելը նախատեսված է լինելու քաղաքացիական պաշտպանության և հասարակական կարգի պահպանման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *