Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 11-ին հայտնում են Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում սպանված հերթական ադրբեջանցի զինյալի մասին: Հայտնի է միայն վերջինիս մականունը՝ «Սամիր Գախլը»:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով մոջահեդների կայքերին, գրում է՝ դատելով զինյալի մականունից՝ նա Ադրբեջանի Գախի շրջանից է, որը սահմանակից է Վրաստանին:
ԱՊԱ-ն չի նշում՝ զինյալը երբ է սպանվել և Սիրիայի որ հատվածում, չի հիշատակում նաև մոջահեդների կայքերի անունները, նյութին կցել է միայն լուսանկարը: Ադրբեջանական մյուս լրատվամիջոցները տեղեկությունը ներկայացնում են՝ հղում անելով ԱՊԱ-ին:
Նկատենք, որ «Սամիր Գախլը»-ի նույն լուսանկարը համացանցում հանդիպում է «Օդնոկլասսնիկի» ռուսական սոցցանցի ադրբեջանական խմբերից մեկում, որը նվիրված է Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գործունեությանը: Այնուհանդերձ, լուսանկարը խմբում հրապարակվել է 2013-ի նոյեմբերի 24-ին: Ստացվում է՝ զինյալը կամ մահացել է նոյեմբերին կամ էլ այդ ժամանակ արդեն հայտնի է դարձել նրա մահվան մասին: ԱՊԱ-ն փաստորեն ավելի քան մեկ ամիս ուշացմամբ է հաղորդում այս լուրը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ԱՊԱ-ի փոխանցմամբ Սիրիայում սպանվել էին երկու ադրբեջանցի զինյալներ՝ «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհային Նամիգ Ասքերովն ու «ալ Կաիդա»-ին հարող Ազերի Սեյֆուլլահը: Հունվարի 8-ին կրկին ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ, Ադրբեջանի քաղաքացի «Պրիմորիեի Մուհամեդ» մականունով զինյալը։ Նույն օրը ԱՊԱ-ն, այս անգամ հղում անելով թուրք մոջահեդների կայքերին, հաղորդում է ևս մի ադրբեջանցի զինյալի մահվան մասին՝ առանց անուն նշելու։ Հունվարի 9-ին համացանցում տարածվել էր Սիրիայում ընթացող մարտերից մի տեսանյութ, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առկա են նաև ադրբեջանցի զինյալներ։
Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի մեկից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 5 զինյալի։