Պակիստանում դպրոցականը զոհվել է՝ կանխելով ահաբեկչությունը

Պակիստանում 17-ամյա դպրոցական Հասան Աիթզազը զոհվել է՝ փորձելով կանխել մահապարտ ահաբեկչի մուտքը դպրոց, ուր այդ պահին կար շուրջ 2000 աշակերտ: Նահանգի ոստիկանապետը, որտեղ գրանցվել է միջադեպը, առաջարկել է պատանուն հետմահու ներակայացնել պետական բարձր պարգևի: Այս մասին հաղորդում է պակիստանյան Newsweek լրատվական կայքը:

Հասան Աիթզազ

Հասան Աիթզազ

Ավելի վաղ եղել էր առաջարկ՝ պատանուն շնորհել զինվորական պարգև, սակայն առաջարկը մերժվեց, քանի որ նա չէր ծառայել երկրի զինված ուժերում: Չնայած դրան՝ դպրոցական պատանուն արդեն հերոսացրել են ողջ Պակիստանում:

Հունվարի 6-ին Հասան Աիթզազն իր երկու համադասարանցիների հետ ուշացումով էր եկել դպրոց, ինչի պատճառով պահակը պատանիներին թույլ չէր տվել ներս մտնել: Մնալով դպրոցի բակում՝ որոշ ժամանակ անց ուշացած դպրոցականները նկատել են օտար մարդու, ով փորձելով ինչ-որ բան թաքցնել հագուստի տակ՝ արագ քայլերով շարժվել է դեպի դպրոցի մուտքը:

17-ամյա Հասանը, չնայած իր ընկերների հորդորներին՝ չմիջամտել, քար է նետել կասկածելի անծանոթի ուղղությամբ և վազելով նրան ընդառաջ՝ բռնվել ձեռնամարտի: Քաշքշուկի արդյունքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել ռումբն ու զոհվել՝ իր հետ խլելով նաև Հասան Աիթզազի կյանքը: Պատանու գործած սխրանքը արդեն 4 օր է, ինչ հանդիսանում է ամենաշատ քննարկվող նյութը, որին անդրադառնում են պակիստանյան լրատվամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *