Աֆղանստանում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերն Աֆղանստանի արևելքում ամերիկյան МС-12 Beechcraft ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի։ Միջադեպը գրանցվել է, երբ ինքնաթիռը հետախուզական աշխատանք է կատարել։

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

Այս մասին ABC հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառով զոհվել է նաև Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) 2 զինծառայող և 1 քաղաքացիական անձ, ով ծառայում է ISAF-ում պայմանագրային հիմունքներով։

Այս պահի դրությամբ դեռևս ոչ մի վկայություն չկա, որ ինքնաթիռին հարվածել են։

Հավելենք, որ օրերս ISAF-ի ներկայացուցիչը հաստատել էր, որ Աֆղանստանի հարավում դեկտեմբերի 17-ին կործանված ուղղաթիռը «թշնամական գործողությունների» հետևանք էր։ Այդ միջադեպի ժամանակ զոհվել էր 6 ամերիկացի զինծառայող։

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:

ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի զոհ են դարձել շուրջ 10 հազար աֆղանցի խաղաղ բնակիչներ, մի քանի հազար զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *