ԱՄՆ-ն ազատ է արձակելու բին Լադենի թիկնապահին

ԱՄՆ-ն Գուանտանամո կալանավայրից առաջիկայում ազատ է արձակելու Եմենի բնակիչ Մահմուդ Մուջահիդը, որին ԱՄՆ-ն համարում է «ալ Կաիդայի» ահաբեկիչ և բին Լադենի անձնական թիկնապահ։

«Գուանտանամո Բեյ» կալանավայրը

«Գուանտանամո Բեյ» կալանավայրը

Ինչպես հաղորդում է BBC լատվական գործակալությունը, 33-ամյա Մուջահիդը բանտարկության մեջ անցկացրել է ավելի քան 10 տարի։ Նրան ձերբակալել են 2002-ին, սակայն այդպես էլ պաշտոնապես մեղադրանքներ չեն առաջադրել։

Նշենք, որ Մուջահիդի ազատ արձակման օրը չի հաղորդվում։ Նրա փաստաբան Դևվիդ Ռեմեսը հայտարարել է՝ Մուջահիդին կալանավայրում պահելու որևէ հիմնավոր պատճառ չկա:

Հավելենք, որ Մուջահիդն առաջինն է, ում ազատման հարցը դիտարկել է նախագահ Բարաք Օբամայի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը։

Ներկայումս Գուանտանամո կալանավայրում կա 155 բանտարկյալ։ ԱՄՆ իշխանությունները նրանց համարում են չափազանց վտանգավոր հասարակության համար, սակայն չեն կարողանում դատարանում մեղադրանքներ ներկայացնել բավարար ապացույցներ չունենալու պատճառով։

2013-ի նոյեմբերի 1-ին իրավաբան Պոլ Լյուիսը նշանակվել է «Գուանտանամո Բեյ» կալանավայրի փակման գործընթացի համակարգող։ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի խոսքերով՝ Լյուիսը, որն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում պաշտպանության գծով հանձնաժողովում, օժտված է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, ժամանակին զբաղվել է նաև Կուբայում տեղակայված կալանավայրի հարցերով։

ԱՄՆ պետքարտուղարության կողմից «Գուանտանամո» կալանավայրի փակման համակարգող է նշանակվել Քլիֆորդ Սլոանը։

«Գուանտանամո» կալանավայրը գործում է 2001-ից։ Այն ի սկզբանե ստեղծվել է ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներին քննելու նպատակով։ Իրավական բարդություններից խուսափելու և ավելի ազատ գործելու համար՝ ԱՄՆ-ն կալանավայրը տեղակայել է ոչ թե իր, այլ Կուբայի տարածքում։

Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ քննադատել են կալանավայրի դաժան պայմաններն ու երբեմն անհիմն ձերբակալության դեպքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *