Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցը, որի նկատմամբ միջազգային հետախուզություն էր հայտարարված, օրերս ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։
Այս մասին հունվարի 10-ին հաղորդում է ՌԴ ՆԳՆ Իրկուտսկի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ում նախկինում պաշտոն զբաղեցնող աշխատակիցը, որի անունը դեռևս չի հրապարակվում, Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 2011-ից։ Հետաքննության տվյալներով՝ վերջինս խարդախություն է կատարել. 2011-ին օգտագործելով իր պաշտոնի ընձեռած հնարավորությունները՝ կեղծել է հաշվապահական փաստաթղթերը։ Նրա գործողությունների հետևանքով Ադրբեջանին հասցվել է 125 հազար ԱՄՆ դոլարի չափով վնաս պետական մակարդակով։
Հետաքննության հաղորդմամբ՝ պաշտոնյան կեղծ փաստաթղթերով 2011-ին անցել է ՌԴ սահմանը՝ հաստատվելով Իրկուտսկի Նիժնեուդինսկի շրջանի Խուդոելանսկոե գյուղում։ Ըստ աղբյուրի՝ նա գյուղում որպես բանվոր է աշխատել։
Երբ Իրկուտսկի ոստիկանները պարզել են պաշտոնյանի ինքնությունը, նա նկատել է, որ իրեն հետևում են և փորձել է կրկին փախչել։ ՌԴ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ նախկին պաշտոնյան ավիաչվերթով ծրագրել է հասնել Մոսկվա։ Իրկուտսկի ոստիկաններն իրենց հավաքագրած տեղեկություններն անմիջապես տրամադրել են «Դոմոդեդովո» օդանավակայանի իրենց ծառայակիցներին, որտեղ էլ ադրբեջանցուն ձերբակալել են։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։
[թարմացում] Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՌԴ ՆԳՆ հաղորդագրությանը։ ՊՆ-ի հավաստիացմամբ՝ ձերբակալվածը Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչ Յադիգարով Իլղար Հեյդար օղլուն է (ծնվ. 1965-ին)։ 1986-ին նա ավարտել է Յարոսլավլի բարձրագույն ռազմական ուսումնարանը, իսկ 2011-ի ապրիլի 4-ին համալրել է պահեստային ուժերը մասնագիտական ցածր որակավորումների հետևանքով։
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Յադիգարովը ՊՆ աշխատակից երբևէ չի եղել, ընդամենը ծառայել է Ադրբեջանի ԶՈւ տարբեր զորամասերում։ Նա մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման և խարդախության հոդվածներով։