Հունվարի 9-ին համացանցում տարածվել էր Սիրիայում ընթացող մարտերից մի տեսանյութ, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առկա են նաև ադրբեջանցի զինյալներ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az լրատվակայքը, տեսանյութում երևում են մահացած և վիրավոր մոջահեդներ, որոնք Դաղստանից են և Ադրբեջանից։ Համաձայն կայքի՝ նրանցից մի քանիսը մահվանից առաջ աղոթում է լեզգիերենով։
Կայքի տվյալներով՝ տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել, ուստի արաբ բլոգերները և լրագրողները հեռացրել են այն իրենց էջերից։ Ներկայումս տեսանյութը հասանելի է ադրբեջանական Salamnews.org լրատվական գործակալության YouTube-ի ալիքով։
Բարդ է ասել՝ որքանով է haqqin.az-ի հաղորդած տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այնուհանդերձ 2014-ի հունվարի առաջին օրերից ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Սիրիայի զինյալների կայքերին և սոցցանցային էջերին, պարբերաբար տեղեկություններ են հաղորդում Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտերում սպանված ադրբեջանցի զինյալների վերաբերյալ՝ նյութերի մի մասին լուսանկարներ կցելով։
Այսպես, հունվարի 5-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ Սիրիայում սպանվել էին երկու ադրբեջանցի զինյալներ՝ «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհային Նամիգ Ասքերովն ու «ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը հարող Ազերի Սեյֆուլլահը: ԱՊԱ-ն տեղեկության աղբյուրը չի նշել։ Հունվարի 8-ին կրկին ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ, Ադրբեջանի քաղաքացի «Պրիմորիեի Մուհամեդ» մականունով զինյալը։ Նույն օրը ԱՊԱ-ն, այս անգամ հղում անելով թուրք մոջահեդների կայքերին, հաղորդում է ևս մի ադրբեջանցի զինյալի մահվան մասին՝ առանց անուն նշելու։ Հետևելով ադրբեջանաական մամուլին՝ 2014-ի հունվարի մեկից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 4 զինյալի։
Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարզապես հիշատակում են «մոջահեդների կայքեր» և չեն հաղորդում կայքի անունն ու հոդվածի հղումը։
Ըստ տարբեր գնահատականների` Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ մարտնչող գրոհայինների շարքերում հարյուրավոր ադրբեջանցիներ կան, մի քանի տասնյակ էլ զոհվել են Սիրիայի կառավարական ուժերի դեմ մղվող մարտերում: