Իրաքում կամավորների հավաքակայանում պայթյուն է գրանցվել. կա 13 զոհ

Մահապարտ ահաբեկիչը հունվարի 9-ին պայթեցրել է իրեն Իրաքի մայրաքաղաք Բաղդադի զորակոչային հավաքակայաններից մեկում։ Ահաբեկչության զոհ է դարձել 13 հոգի, վիրավորվել է 30-ը։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Բաղդադի ոստիկանության տվյալներին, միջադեպը գրանցվել է «Մութաննա» օդանավակայանի տարածքում, որը կիրառում են զինված ուժերը։ Ռումբը պայթեցվել է կամավոր զինվորագրվողների հերթում, երբ վերջիններիս փաստաթղթեր են հանձնելիս եղել զինծառայության անցնելու նպատակով։

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել։ Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ հնարավոր է կազմակերպիչը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» սուննիական արմատական խմբավորումն է։

Նշենք, որ ահաբեկչության նախօրեին՝ հունվարի 8-ին, երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին ժողովրդին խոստացել էր առաջիկայում հաղթանակ տանել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալների նկատմամբ, որոնք գրավել էին Անբար նահանգի մի քանի քաղաքներ։ Իշխանությունները կոչ էին արել ստեղծել կամավորական ջոկատներ՝ խմբավորման դեմ կռվելու։

Հավելենք, որ Ֆալլուջա և Ռամադի սուննիաբնակ քաղաքները 2014-ի հունվարի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո են։ Հիմնականում շիա դավանող կառավարական ուժերին դեռևս չի հաջողվում ազատագրել այս քաղաքները։

Իրաքում քաղաքական և կրոնական հակասությունները մեծ թիվ կազմող հարձակումների ու ահաբեկչությունների հիմնական պատճառն են, որոնց միայն 2013-ին զոհ են գնացել ավելի քան 6 հազար հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *