Թայվանը ստացել է նորագույն Ապաչների հերթական խմբաքանակը

Թայվանը ստացել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված AH-64E «Ապաչ» մարտական ուղղաթիռների երկրորդ խմբաքանակը, որով ստացված ուղղաթիռների ընդհանուր թիվը հասավ 12-ի: Հերթական խմբաքանակը, որի կազմում են 6 ուղղաթիռ, Թայվան է հասել հունվարի 2-ին: Այս մասին հաղորդում է Taiwan News լրատվական գործակալությունը:

Ապաչ ուղղաթիռը Թայվանական նավահանգստից տեղափոխվում է ռազմաբազա

Ապաչ ուղղաթիռը Թայվանական նավահանգստից տեղափոխվում է ռազմաբազա

Հաղորդվում է, որ առաջին երկու խմբաքանակներից ստացված 12 ուղղաթիռները զինված ուժերի շահագործմանն են հանձնվելու 2014-ի ապրիլին: Ընդ որում, Թայվանն առայժմ միակ պետությունն է, որին Միացյալ Նահանգները վաճառել է Ապաչ ուղղաթիռ: Դեռևս 2008-ին ԱՄՆ-ի և Թայվանի միջև կնքվել է 6.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր, որից շուրջ 2 միլիարդը բաժին է ընկնում 30 միավոր AH-64E «Ապաչ» ուղղաթիռին:

Հիշեցնենք, որ ուղղաթիռների առաջին խմբաքանակի մատակակարումից քիչ անց` 2013-ի դեկտեմբերի 20-ին, Թայվանն արգելել էր դրանց շահագործումը: Պատճառը տեխնիկական թերություններն էին, որոնք հայտնաբերել էին ամերիկացի օդաչուները փորձարկման թռիչքների ժամանակ: Նշվում էր, որ հնարավոր է Թայվանին մատակարարված ուղղաթիռներն ուղարկվեն վերանորոգման, որից հետո միայն կթուլատրվի դրանց հետագա շահագործումը: Թայվանի պաշտպանության նախարար Էնյա Մինան այս առընչությամբ նշել էր, որ տեխզննման և հնարավոր վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ամերիկյան կողմը:

Նշենք, որ Թայվանն ուշադրության կենտրոնում է պահում զինված ուժերի մարտունակությունը, քանի որ դեռևս 1940-ականներից ունի տարածքային վեճ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Վերջինս Թայվանը համարում է իր տարածքը: Հավելենք նաև, որ ՉԺՀ-ի հետ ունեցած լարված հարաբերությունների շնորհիվ Թայվանը սերտ համագործակցություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *