Հունիսի 27-ին Ադրբեջանի Լերիքի շրջանում սահմանապահ ուղեկալում անհայտ պատճառներով մահացել էր Ֆիզուլիի շրջանից զորակոչված Սամեդով Խազար Աղա օղլուն։ Զոհվածի հայրը վկայում է՝ ապացույցներ ունի, որ իր որդուն սպանել են։
Խազար Սամեդովի հայրը՝ Աղա Սեմեդովը, 2014-ի հունվարին նամակ է ուղարկել ադրբեջանական axar.az լրատվակայքի խմբագրություն, որին կցել է իր որդու գործով դատարանի վճռի էլեկտրոնային պատճենը։
Հոր խոսքերով՝ հետաքննող մարմինը դեպքից 11 ժամ անց որպես նախնական վարկած սպանություն է նշել։ Գործը քննվել է Ջալիլաբադի շրջանային զինորական դատարանում, որտեղ կարճ ժամանակ անց լիովին այլ վճիռ է կայացվել։ Ըստ դատավճռի՝ Սամեդովը մահացել է զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։ Հայրը պնդում է, որ ինքն ունի բոլոր փաստերը, դրանք ապացուցում են՝ որդուն սպանել է Սախալով Շամիլ Այդըն օղլու անվամբ զինծառայողը։ Բացի այդ, հոր նամակում գրված է՝ սահմանապահ ուղեկալի հրամանատարն անմիջական առնչություն ունի Սամեդովի սպանության հետ, նրան հաջողվել է «պատմությունից չոր դուրս գալ»։
Նկատենք, որ «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի 2013-ի դեկտեմբերի զեկույցում Խազար Սամեդովի դեպքը ներկայացված է որպես ինքնասպանություն։
Հիշեցնենք, որ Ռազմինֆոյի կատարած ամփոփման համաձայն՝ 2013-ին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգերում գրանցվել է 86 զոհ, որից սպանության հետևանքով զոհվածների թիվն 9 է։ Բացի այդ, Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի տվյալներով՝ 2013-ին բռնության հետևանքով սպանված առնվազն 5 զինծառայողների դեպքերն Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանում է որպես ինքնասպանություն կամ հիվանդության հետևանքով կորուստ։