Ո՞րն է արդյունավետ Հայաստանի համար` ՀԱ՞ՊԿ-ն, թե՞ ՆԱՏՕ-ն. օրվա ամփոփում

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է  Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, իսկ Վրաստանը Դաշինքի հետ համագործակցության խորացման համաձայնագիր է ստորագրել և պատրաստվում է վրաց-ամերիկյան զորավարժություններին: Հայաստանի մյուս հարևան Թուրքիան որոշել է սեփական կործանիչների արտադրություն սկսել:

  • Դավիթ Տոնոյանը խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունից և Դաշինքին անդամակցելու հավանականությունից և նպատակահարմարությունից. «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնց պարագայում այսօր առնվազն անիրատեսական է խոսել մեզ համար ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքական անվտանգության մասին»: Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար ՀԱՊԿ-ն է արդյունավետ անվտանգության համակարգ, թե՞ ՆԱՏՕ-ն` Տոնոյանը պատասխանել է. «Եթե ՀԱՊԿ-ում ենք, նշանակում է, որ ՀԱՊԿ-ն մեզ համար հանդիսանում է անվտանգության ապահովման արդյունավետ համակարգ»:
  • Շարունակելով ՆԱՏՕ-ի թեման` նշենք, որ այսօր Դաշինքին մաս կազմելու էական քայլեր է անում և դրա համար ջանք չի խնայում մեր հարևան Վրաստանը: Այդ շրջանակներում Բրյուսելում ստորագրվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացման համաձայնագիր, որից հետո Վրաստանի ազգային անվտանգության քարտուղար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ այդ փաստաթուղթը շատ կարևոր է Վրաստանի համար, քանի որ նախատեսում է անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուժեղացում և Վրաստանի համար գործող սպառնալիքներից վանում:
  • Վրաստանը նաև պատրաստվում է վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների: Տեղի ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Թբիլիսիի մոտ տեղակայված Վազիանիի ռազմակայանում մարտի 10-24-ը կկայանան ԱՄՆ-ի ծովային հետևակայինների և Վրաստանի 4-րդ հետևակային բրիգադի՝ Agile Spiri 2012 անունը կրող համատեղ զորավարժությունները, որին ամերիկյան կողմից կմասնակցի 300 ծովային հետևակ:
  • Հայաստանի մյուս հարևանի` Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության կոմիտեն որոշում է ընդունել թողարկել սեփական կործանիչներ, որը իրականացնելու համար հատկացվել է 20 միլիարդ դոլար: Առաջին կործանիչները պետք է գործարկվեն 2020 թվականին:
  • Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով մի շարք զինվորականներ անցնել են Թուրքիա: Թուրքական Zaman-ը տեղեկացնում է, որ 234 սիրիացի զինվոր տարբեր հատվածներից հատել է թուրքական սահմանը և ապաստան խնդրել տեղի իշխանություններից: Նրանցից 4-ը գեներալ են, 2-ը գնդապետ, 1-ը փոխգնդապետ, 3-ը` սպա:
  • Իսկ ԱՄՆ իշխանությունները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, թե Սիրիայում ռազմական միջամտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ այդ երկիրը բավական լավ զինված և կանոնավոր բանակ ունի: Բացի այդ,  ԱՄՆ-ի պաշտոնաթող գեներալը նախազգուշացրել է, որ Սիրիայի ընդդիմության շարքերում կարող են լինել ծայրահեղական սունի  գրոհայիններ, իսկ նրանց իշխանության գալը միայն հետագա ճգնաժամ կառաջացնի:
  • Ռուս-սիրիական համագործակցությունն էլ որոշ ամերիկացիների դժգոհությունն է հարուցել. սենատորներ խոսել են Աֆղանստանի բանակի համար Ռուսաստանից Մի-17 ուղղաթիռների գնումները դադարեցնելու օգտին,« քանի որ Մոսկվան զենք է վաճառում Դամասկասին»:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր`

Չինաստանը Ռուսաստանից СУ-35 կործանիչներ չի գնում. պաշտոնական հերքում

ԱՄՆ-ն ձեռք կբերի 84 հատ F-15 կործանիչ և կտրամադրի Սաուդյան Արաբիային

««Մանաս»-ն Իրանի դեմ չի օգտագործվի». Ղըրղզստանում ԱՄՆ դեսպան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *