Ամերիկյան ուղղաթիռն ընկել է օվկիանոսը. կան զոհեր

Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի ափամերձ շրջանում հունվարի 8-ին վթարվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի MH-53E ուղղաթիռը։ Ներկա դրությամբ կա 2 զոհ, 1 հոգի անհայտ կորած է։

MH-53E ուղղաթիռ

MH-53E ուղղաթիռ

Համաձայն ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարության տարածած հաղորդագրությանը՝ անձնակազմից 2 հոգու հաջողվել է փրկել։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով այժմ ԱՄՆ ՌԾՈւ Նորֆոլքի ռազմակայանի հոսպիտալում են։

Նշենք, որ Նորֆոլքի ռազմակայանում գրանցված MH-53E ուղղաթիռի օդաչուն ուսումնական թռիչքի ժամանակ կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ուղղաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը՝ ափից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի է ենթարկվել CH-53E ուղղաթիռը։

ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարության հավաստիացմամբ՝ վթարի պահին ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները կրել են հատուկ պաշտպանիչ հանդերձավորում, որը թույլ է տալիս սառը ջրում կենդանի մնալ։ Այնուհանդերձ, փորձագետները կարծում են՝ անձնակազի անհայտ կորած անդամին կենդանի հայտնաբերելու հույսերը մեծ չեն, քանի որ հանդերձավորման շնորհիվ մարդը կարող է սառը ջրում անցկացնել ոչ ավել, քան 3 ժամ։

Ուղղաթիռի վթարի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Տուժածների և զոհերի անունները կհրապարակվեն, երբ վերջիններիս հարազատները տեղեկացվեն կատարվածի մասին։

Հավելենք, որ MH-53E Sea Dragon ուղղաթիռն արտադրում է ամերիկյան Sikorsky ընկերությունը։ Այն ականազերծիչ ուղղաթիռ է, սակայն կիրառվում է նաև բեռնափոխադրումների համար։

MH-53E-ը վերջին վթարը գրանցվել է 2012-ի հուլիսին Օմանում՝ մեկ այլ ուղղաթիռի փոխադրման աշխատանքների ժամանակ։ Զոհվել է անձնակազմից երկու հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *