Գերմանիան երկարաձգեց Թուրքիայում Patriot կայանների տեղակայման ժամկետը

Գերմանիայի կառավարությունը նույնպես երկարաձգել է երկրի զինված ուժերի Patriot զենիթահրթիռային համալիների՝ Թուրքիայում տեղակայման ժամկետը։ Ավելի վաղ նման որոշում էին ընդունել նաև Միացյալ Նահանգներն ու Նիդեռլանդները։

Ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց։ Երկուական մարտկոց Թուրքիային են տրամադրել Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որոշմամբ, որին Անկարան դիմել էր 2011-ի վերջին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար։

Patriot կայանները Թուրքիայում էին տեղակայվել 2013 թվականին հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով։ 2013-ի վերջին, երբ լրանում էր դրանց տեղակայման ժամկետը, Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է։
Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու թույլտվություն պետք է տան նաև դրանք տրամադրած պետությունները, այսինքն՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները։

ԱՄՆ-ն և Նիդեռլանդներն ավելի վաղ էին որոշել երկարաձգել ՀՕՊ կայանների տեղակայումը, իսկ Գերմանիայի որոշումն ուշանում էր, ինչը կապված էր կառավարության նոր կազմի ձևավորվման հետ։

Նշենք, որ Թուրքիան ներկայում չունի մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ, ինչի համար էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։

One response to “Գերմանիան երկարաձգեց Թուրքիայում Patriot կայանների տեղակայման ժամկետը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունվարի 6-11 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *