Ճապոնիայի կառավարության որոշմամբ երկրում ստեղծվել է ազգային անվտանգության բյուրո, որը կգլխավորի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շոթարո Յաչին:
Նորաստեղծ բյուրոն ենթարկվելու է ազգային անվտանգության խորհրդին և զբաղվելու է արտաքին քաղաքական հարաբերությունների կոորդինացմամբ, տեղեկատվության հավաքագրմամբ և վերլուծությամբ: Այս մասին հաղորդում է ճապոնական The Japan News լրատվական գործակալությունը:
Ազգային անվտանգության բյուրոն բաղկացած է 67 անդամից, որոնց թվում կան ներկայացուցիչներ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2013-ի նոյեմբերի 27-ին, Ճապոնիայի խորհրդարանն ընդունել էր օրինագիծ, որով երկրում պետք է ստեղծվեր ազգային անվտանգության խորհուրդ, որի կազմում ընդգրկված են երկրի վարչապետը, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները և առանցքային նշանակության այլ պաշտոնյաներ: