Ռուսաստանը մտադիր է ռազմական նավաշինության ոլորտում փորձարկել մոդուլային նավի տարբերակը: Վերջինս ենթադրում է կառուցվող նավի այնպիսի նախագծում, որը թույլ կտա սեղմ ժամկետներում վերափոխել նավի առաջնային նշանակությունը՝ այն, օրինակ, պարեկայինից դարձնելով հրթիռային:
Ռազմական նավերի այս նախագծով կառուցման արդյունավետությունը կգնահատվի ՌԴ ռազմածովային ուժերի, ռազմածովային ակադեմիայի և նավաշինական միացյալ ձեռնարկության համատեղ աշխատանքային խմբի կողմից: Այս մասին Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել էր, որ ռազմանավերի մոդուլային եղանակով կառուցումն ի թիվս այլ առավելությունների հնարավորություն կտա նաև վերջնական արտադրանքը ստանալ ավելի մատչելի գնով: Ակնկալվում է, որ մոդուլային նավի առաջին օրինակը ՌԴ ՌԾՈւ-ին կփոխանցվի արդեն 2018-2020 թվականներին:
Ադմիրալ Չիրկովը հավելել է նաև, որ մոդուլային մեկ նավը կկարողանա կատարել այնպիսի խնդիրներ, որոնց համար այժմ կիրառվում է մի քանի նավ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր է ՌԴ ՌԾՈւ-ում կրճատվեն հերթապահություն կրող նավերի տեսակները: Նշենք, որ մոդուլային առաջին նախագիծը կառուցվելու է փոքր ջրատարողության պարեկային նշանակության կորվետ դասի նավի վրա: