Լիբիայի ռազմանավերը կրակել են «Բաքու» տանկերի վրա

Հունվարի 6-ին Մալթայի դրոշի ներքո նավարկող նավթային տանկերը փորձել է առանց նախապես համաձայնեցնելու մուտք գործել լիբիական Աս Սիդրա նավահանգիստ, ուստի Լիբիայի ռազմածովային ուժերը հարկադրված են եղել կրակել տանկերի ուղղությամբ։

«Բաքու» տանկերը

«Բաքու» տանկերը

Համաձայն Լիբիայի ՆԳՆ ներկայացուցչի՝ տանկերը փորձել է մոտենալ զինյալների վերահսկողության ներքո ափամերձ տարածքներին՝ նավթ բեռնելու նպատակով։ Լիբիայի ռազմածովային ուժերի մամուլի խոսնակ Այուբ Քասսեմի խոսքերով՝ լիբիական նավերը հետևել են «Բաքու» տանկերին այնքան ժամանակ, մինչև վերջինս սկսել է նավթի բեռնման գործընթացը, ապա զգուշացրել են դադարեցնել և հեռանալ Միսուրաթա նավահանգիստ, սակայն տանկերի անձնակազմը հրաժարվել է կատարել լիբիացիների պահանջը։ Խոսնակը հայտարարել է, որ իրենց կրակից հետո տանկերը հեռացել է Լիբիայի ջրային տարածքներից դեպի Մալթա։

Հիշեցնենք, որ Լիբիայի նավթային միավորումը նախազգուշացրել էր՝ առանց Լիբիայի կառավարության թույլտվությամբ նավերի ու նավթային տանկերների մուտքը զինյալների հսկողության տարածքներ անհապաղ կասեցվելու է կառավարական ուժերի կողմից։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տանկերը պատկանում է օֆշորային Royal Asset Management ընկերությանը։ Ադրբեջանի «Կասպյան ծովային նավատորմ» ՓԲԸ-ն իր հերթին շտապել է հայտարարել, որ իրենք Կասպից ծովի ջրային տարածքներիից դուրս որևէ տանկեր կամ նավ չունեն։

Հունվարի 8-ին արդեն հայտնի է դարձել, որ տանկերն իրականում պատկանում է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի Palmali ընկերությանը։ Ընդ որում, ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ քննադատում է Լիբիայի ռազմածովային ուժերի քայլը։ Բացի այդ, ըստ հաղորդագրության՝ «Բաքու» տանկերը նավթի ապօրինի բեռնում չի իրականացրել, չի փորձել խարսխվել Աս Սիդրա նավահանգստում, ընդամենը հրաժարվել է կատարել լիբիացի զինվորականների պահանջը Միսուրաթա նահահանգստում կանգ առնելու։ Palmali-ն միևնույն ժամանակ մեղադրել է լիբիական ռազմական նավերին միջազգային իրավունքի խախտման՝ կրակ բացելու և տանկերին հետապնդելու համար։ Լիբիական կողմը դեռևս չի արձագանքել։

Հավելենք նաև, որ 2013-ի օգոստոսի վերջին համանման միջադեպ է գրանցվել կրկին ադրբեջանական տանկերի մասնակցությամբ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել էր ադրբեջանական դրոշի ներքո նավարկող «Նավթալան» տանկերի անձնակազմին, որն ապօրինի կերպով նավթ էր բեռնում Մախաչկալայում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *