Վիկրամադիտիա ավիակիրն արդեն Հնդկաստանում է

Ռուսական արտադրության Վիկրամադիտիա ավիակիրն արդեն հասել է Հնդկաստանի Կարնատակա նահանգի Կավար քաղաքում տեղակայված ռազմածովային բազա։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հնդկական IBN հեռուստաալիքին։
Նավը ռազմաբազա է հասել առանց սպառազինության և ինքնաթիռների։ Ըստ այդմ, շուրջ մեկ տարի Հնդկաստանում աշխատելու է երաշխիքային սպասարկման ռուսաստանյան խումբը։

Նշենք, որ ավիակիրը նոյեմբերի 26-ին դուրս էր եկել «Սևմաշ» գործարանի նավաշինարանից և ուղևորվել դեպի Հնդկաստան։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին Ադմիրալ Գորշկով նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ Վիկրամադիտիա անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից իրեն չի արդարացրել ու տարվել է վերանորոգման։
Հետաքրքիր է, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։
«Վիկրամադիտիան» թեթև ավիակիր նավ է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *